Գերմանիան պատրաստ է ավելի մեծ պատասխանատվություն կրել միջազգային հարթակում. Մերկել
Գերմանիան պատրաստ է իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել այն բանի համար, թե ինչ է տեղի ունենում «Գերմանիայի սահմաններից դուրս»: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Վիտլիխ քաղաքում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախընտրական հավաքի ժամանակ:
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Բեռլինը չի կարող բավարարվել «ապրանքներ արտահանողի ու ֆաբրիկաների կառուցողի» դերով, նրա ցանկությունները միջազգային հարթակում ավելի հավակնոտ են:
«Դա նշանակում է ավելի շատ օգնություն զարգացող երկրներին, կլիմայի պաշտպանության միասնական չափորոշիչների ավելի ակտիվ մշակում, ազնիվ առևտուր ու շատ այլ բաներ»,- հայտարարել է Մերկելը:
Կանցլերի հայտարարությունը հնչել է այն լուրերի ֆոնին, թե Գերմանիան չի կարող հաղթահարել ներգաղթյալների ճգնաժամը: 2015թ. երկիրն ապաստանել է ավելի քան 1 մլն փախստականի:
Մերկելի գլխավոր մրցակիցը պահպանողականների շարքերում մնում է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը, ով ավելի վաղ հայտարարել էր Եվրամիության ներսում սահմանային հսկողություն մտցնելու ու ներգաղթյալների թվի կրճատման անհրաժեշտության մասին:
Մարտի 13-ին Գերմանիայի երեք դաշնային հողերում՝ Բադեն-Վյուրտենբերգում, Ռեյնլանդ-Պֆալցում ու Սաքսոնիա-Անհալթում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է ցույց տան, թե արդյոք աջակցում են գերմանացիները Մերկելի քաղաքականությանը:



