Բաժիններ՝

«Մեզ մոտ դաստիարակում են ոչ թե վարորդին, այլ տաքսի ընկերության տնօրենին»

Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն այսօրվա ասուլիսին խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ առաջինն առանձնացրեց այն փաստը, որ վարորդի կատարած խախտման համար տուգանում են տաքսի-ընկերությունների տնօրեններին. «Այն դեպքերում, երբ ինչ-ինչ պատճառներով (դատարանը սնանկ է ճանաչել, չունի սեփականություն, և այլն) վարորդից չեն կարող գանձել գումարը, տուգանքը կիրառում են տաքսի ընկերության տնօրենի նկատմամբ։ ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքի 22-րդ հոդվածում ասվում է, որ վարչական տույժը դաստիարակման միջոց է, տույժը կարող է լինել տուգանքի, վարորդական իրավունքից զրկելու ձևով, և օրենքն ասում է` եթե ինչ-ինչ պատճառներով տուգանքը հնարավոր չէ գանձել (տուգանքը տույժի տեսակ է), այդ դեպքում մարմինը, որը լիազորություններ ունի որոշակի գործողություններ թույլատրելու կամ ոչ, մեր դեպքում՝ ՃՈ-ն, վարորդին կարող է զրկել վարորդական իրավունքից։

Այսինքն՝ տուգանքը նախատեսված է ոչ թե՝ բյուջեն լցնելու, այլ՝ տվյալ իրավախախտողին դաստիարակելու համար, իսկ հիմա ստացվում է, որ դաստիարակում են ոչ թե վարորդներին, այլ տաքսի ընկերության տնօրենին։ Մարտի 1-ից էլ տուգանելու նոր մեխանիզմ են մշակել. հարցում չեն անելու տնօրինությանը, թե ով է կատարել խախտումը, այլ միանգամից տուգանքներն ուղարկելու են տնօրենի անունով»:

Ըստ նրա՝ Երևանում օրական կատարվող 600-650 հազար ուղևորափոխադրումներից տաքսիներին բաժին է ընկնում 300 հազարը. «Ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը չի փոխվել, բայց տաքսու բաժինն ավելացել է: Քաղաքային տրանսպորտը մեզ մոտ նահանջ է ապրում, իսկ տաքսու դեպքում՝ գին և որակ համադրության դեպքում՝ Հայաստանում ունենք բավականին զարգացած տաքսի-ծառայություն»:

Ըստ նրա՝ ոլորտի առողջացման համար պետք է մի քանի քայլ կատարել՝ սահմանափակել տաքսիների քանակը Երևանք քաղաքում, քանի որ, ըստ նրա՝ մայրաքաղաքում օրինական և անօրինական տաքսիների քանակը հասնում է 25 հազար միավորի, այն դեպքում, երբ արտասահմանյան խոշոր քաղաքներում դրանք 13-18 հազարի սահմաններում են: Նա նշեց, որ պետք է սահմանել ընդհանուր սակագին, «որ ամեն մեկը չորոշի՝ ինչ գնով սպասարկել», անցկացնել վարորդների ատեստավորում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս