ԼՂՀ Ազգային ժողովը վշտակցում է
Տիրասպոլում փետրվարի 28-ին վախճանվել է Արցախում հայտնի վաստակաշատ մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, Երկրորդ գումարման ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Լիդիա Իոսիֆի Սարգսյանը:
Լիդիա Իոսիֆի Սարգսյան-Արսենտևան ծնվել է 1936թ. նոյեմբերի 21-ին Ռոստովի շրջանի Նիկոլայեվկա գյուղում, բանվորի ընտանիքում:
1944թ. սովորել է Տագանրոգ քաղաքի միջնակարգ դպրոցում:
1952թ. ուսումը շարունակել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում:
1954-1959թթ.-ին ուսանել է Երևանի զոոանասնաբուժական ինստիտուտի անասնաբուժության բաժնում, ավարտելուց հետո՝ աշխատել մասնագիտությամբ:
1964 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի:
1964-1971 թթ. աշխատել է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, ապա՝ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով կազմակերպիչ:
1966-1971թթ. ուսանել է Տիրասպոլի Շևչենկոյի անվան պետական մանկավարժական ինստիտուտում` ստանալով կենսաբանության և քիմիայի ուսուցչի որակավորում:
1971թ. բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում և աշխատանքի անցել Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում՝ որպես պիոներական ջոկատավար:
1976թ. նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, 1978թ. եղել է նույն դպրոցի ուսմասվար, այնուհետև` կենսաբանության ուսուցչուհի: 1984թ. ստացել է ավագ ուսուցչի որակավորում:
Լիդիա Իոսիֆի Սարգսյանը եղել է Արցախյան ազատագրական շարժման տարիներին ստեղծված ռուս-հայկական բարեկամության միության նախագահ:
Նրա ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունը դրսևորվել է արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին տարիներին: Լինելով ԼՂ նախկին ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման պատգամավոր, նա մասնակցել է բոլոր հիշարժան նստաշրջաններին և ելույթ է ունեցել 1988թ. փետրվարի 20-ի ու 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նիստերին:
1995թ. ապրիլի 30-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լիդիա Իոսիֆի Սարգսյանը ընտրվել է երկրորդ գումարման ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, Ստեփանակերտի թիվ 12 ընտրատարածքից: Նույն թվականի հունիսին ընտրվել է ԼՂՀ ԳԽ Պաշտպանության, անվտանգության, պետական շինարարության, իրավունքի և օրինականության հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1998 թվականը:
ԼՂՀ Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Լիդիա Իոսիֆի Սարգսյանի մահվան կապակցությամբ և զորակցություն` նրա հարազատներին ու ընկերներին: Լիդիա Իոսիֆի Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: