«Երբ որդեգրվեց ՀԱԿ-ի մարտավարությունը՝ եռյակը տրոհվեց». Արմեն Ռուստամյանը պատասխանում է Լևոն Զուրաբյանին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարություններին՝ ասաց, որ երբ իրենք քառյակում էին, և երբ իրենց մարտավարությունը մերժվեց և որդեգրվեց ՀԱԿ-ի մարտավարությունը, եռյակը տրոհվեց:
Նրա խոսքով՝ ընդհանրապես Դաշնակցությանը չի կարելի ընդդիմության կամ իշխանության պրիզմայով նայել, Դաշնակցությունն իր բոլոր տեսակետները պահպանել է, անկախ նրանից՝ ընդդիմության մե՞ջ է եղել, թե՞ իշխանության.
«Դրա մասին է խոսում մեր անցած ճանապարհը: Սա ոմանց անհանգստացնում է բնականաբար, և այն մաքսիմալիզմը, ոչ իրատեսական խնդիրներն ու նպատակները, որ ձևավորել են ընդդիմադիր որոշ գործիչներ, և այդ պատճառով հենց ընդդիմությունն է այսօր դարձել անգործունյա, ա՛յ սա մտահոգության տեղիք է տալիս: Փոխանակ նրանք իրենց մեջ մեղքը տեսնեն, ինչպես միշտ, փորձում են ուրիշների մեջ մեղքը փնտրել և հեշտությամբ գտնում են, բայց դրանից գործը չի փոխվում: Ես չգիտեմ` դատարկությունը լցնող առաջարկները նրանց մինչև հիմա որո՞նք են եղել»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե իբրև ընդդիմադիր՝ դուք է՞լ էիք անգործունյա, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք հաջողել են քառյակի մեջ մինչև այն պահը, երբ աշխատում էր իրենց մարտավարությունը, երբ միասին 12 կետ էին հրապարակել. «Իրենց հարցրեք դա: Էդ 12 կետերը մենք հիմա փորձում ենք իրականացնել այլ դաշտում»: Հարցին էլ՝ արդյոք իրատեսակա՞ն է դա, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ եթե իրատեսական չհամարեին, չէին մտնի այս գործի մեջ:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի՝ քաղաքական կամքին վերաբերող բազմաթիվ ելույթներ են եղել, որոնք կյանքի չեն կոչվել, կա՞ արդյոք երաշխիք, որ այս անգամ կյանքի կկոչվեն դրանք, տրվե՞լ են արդյոք երաշխիքներ, ՀՅԴ ղեկավարը պատասխանեց, որ՝ այո, տրվել են այդ երաշխիքները: Նա նկատեց, որ համաձայնագրի մեջ մի մասն արդեն երևում է, և ցանկություն ունեցողը կտեսնի. «Գլխավորը՝ քայլեր կան, որ պետք է կատարենք: Ես միշտ էլ ասել եմ, կողքից ինչ էլ ասես՝ կասեն, կհայհոյեն, բայց մեր ձեռքբերումներից կօգտվեն բոլորը»:
Այս հուշագիրն էլ բարի ցանկությունների տեքստ է հիշեցնում. այս դիտարկմանը Ռուստամյանը պատասխանեց.
«Եթե բարի ցանկություն է, թող գոնե ասեն` բարի է, ոմանք էլ ասում են` ընդհանրապես դատարկախոսություն է, եթե բարությունը դատարկություն է, մարդիկ դեպի չարն են գնում, բայց այդտեղ միայն բարի ցանկություններ չեն, այնտեղ կան քայլերի հետ կապված գործընթացներ, ծրագրեր, հետևողական գործողություններ, որոնք կոնկրետ ժամանակ են պարունակում»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում՝ «վերանայել ՀՀ վարչատարածքային բաժանումը, ձևավորել կայուն զարգացում» բնորոշումը, որը գրված է հուշագրում: Ի պատասխան՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ դրանք լուրջ բաներ են, և ընթացքում կերևան մանրամասները.
«Կբերվի հստակ ռազմավարություն: Մենք կարծում ենք, որ պետք է վերանայվեն բաժանումները` մարզերի հետ կապված, ճիշտ սահմաններ պետք է ունենանք, անցում պետք է կատարվի, և այդ անցումը կամաց-կամաց կատարվում է: Նոր ձևով ձևավորել ավագանիները, համայնքները, և այլն: Սրանց մասին է խոսքը: Երևանում ընտրվում է ավագանի, որից ձևավորվում է քաղաքապետարանը, իսկ վարչական տարածքների ղեկավարները նշանակվում են: Ես կարծում եմ, որ 950 համայնքը փոքր երկրի համար շատ է, պետք է համայնքների քանակը կրճատվի»:
Այն հարցին էլ, թե Շիրակի մարզն ընդդիմադիր հայացքներով է աչքի ընկնում՝ դժվար չի՞ լինի արդյոք այնտեղ ղեկավարել, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ փոքր Հայաստանում որևէ տեղ տարբերություն դնելը ճիշտ ճանապարհ չէ. «Մենք պետք է մտնենք դժվար գործերի մեջ: Դաշնակցությունը երբեք դժվարություններից չի խուսափել: Շիրակում իսկապես լուրջ, կուտակված հարցեր կան, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մեծ մասը Շիրակում է, և մենք գիտակցելով՝ գնում ենք դրան: Ավելի լավ է՝ մենք գնանք ինչ-որ գործ անենք, ժողովուրդն իմաստուն է և կտեսնի` ով է մտնում պատասխանատվության տակ»:
Նա նաև տեղեկացրեց, որ խորհրդարանում Արծվիկ Մինասյանին կփոխարինի ցուցակով հաջորդը: