«Ինչի Դաշնակցությունը բիզնեսով չի՞ զբաղվում». Զուրաբյանը չի հավատում, որ ՀՅԴ-ին կհաջողվի ստիպել ՀՀԿ-ին՝ գնալ փոփոխությունների
«Եթե ուշադիր կարդաք ստորագրված հուշագիրը, դա ընդամենը նախընտրական ծրագրի նման մի բան էր, խոստումների մի շարք, որն այդ նույն երկու կուսակցությունները առանձին վերցրած կամ միասին կոալիցիայում մի քանի անգամ տվել են ու մի քանի անգամ խախտել են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով երեկ ստորագրված ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի մասին:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն փորձում են իրենց քաղաքական բավականին շահադիտական գործարքին տալ մի քիչ ավելի վեհ տեսք, իբր այդ ամենն արվում է գաղափարների, ժողովրդավարացման համար, և այլն. «Բայց դա ասում են նույն այն ուժերը, որոնք մի քանի անգամ այդ խոստումները խախտել են ու ցույց են տվել, որ ամենակոռումպացված, անժողովրդավար ուժերն են ՀՀ պատմության մեջ»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀԿ-ն ստորագրում է, որ պետք է բիզնեսը վերջապես զատել իշխանությունից, սա մի բան է, որ տարիներ շարունակ ասել են, կկարողանա՞ ՀՅԴ-ն ստիպել ՀՀԿ-ին, ի վերջո, գնալ այս փոփոխություններին, ՀԱԿ ղեկավարն այսպես արձագանքեց.
«Ինչի Դաշնակցությունը բիզնեսով չի՞ զբաղվում: Այսինքն՝ մենք չգիտե՞նք՝ ինչ բիզնեսմենների ենք հովանավորում, ինչ բիզնեսով են զբաղված, որևէ տարբերություն ես չեմ տեսնում նրանց մոտեցումների մեջ, դրանք ընդամենը ֆրազներ են, ու եթե խորհրդարանի յոթանասուն տոկոսն այդ Սահմանադրությունը խախտում է՝ համատեղելով բիզնեսը և քաղաքական գործունեությունը, ապա ուղղակի զարմանալի է, որ Դաշնակցությունը կարող է Սահմանադրությունը խախտող նման իշխանության հետ մտնել կոալիցիայի մեջ և խոսել փոփոխելու մասին»:
Հարցին էլ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ից հուշագրի տակ ստորագրեց Արմեն Աշոտյանը, քանի որ նախօրոք ասում էին, որ նախագահն է ստորագրելու, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Շատ դժվար է բացատրել՝ բեմադրիչների մտքով ինչ է անցել, գուցե Աշոտյանին հնարավորություն է տրվել, որ իբր ինքն իր ստորագրությամբ, հոժար կամքով հրաժարվում է իր պաշտոնից, դժվար է ասել, բայց ես կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ ամենը ճշտել իրենցից»:
Հարցին էլ, թե այդ դեպքում ՀԱԿ-ն ինչպե՞ս էր համագործակցում, երբ եռյակի կամ քառյակի շրջանակներում համագործակցում էր նույն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ, ՀԱԿ ղեկավարն այսպես պատասխանեց. «Բայց մենք իրենց հետ չենք կազմել դաշինք, ոչ էլ կոալիցիա, մենք ուղղակի ստորագրել ենք նույն պահանջների տակ»: