Լեհաստանը հրապարակել է Լեխ Վալենսայի՝ գաղտնի գործակալ աշխատելու մասին փաստաթղթերը
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է երկրի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան դափնեկիր Լեխ Վալենսային առնչվող նյութերը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»:
Փաստաթղթերով թղթապանակը, որը վերաբերում է «Բոլեկ» կեղծանունով հանդես եկող գաղտնի գործակալին, ու որոնք ստորագրված են Վալենսայի կողմից, ներկայացվել են լրագրողներին արխիվի ընթերցասրահում:
Նյութերը պարունակում են համագործակցության մասին պարտավորագրեր, որը ստորագրել է Վալենսան:
«Պարտավորագիր: Ես՝ ներքոստորագրյալ Վալենսա Լեխը՝ Բոլեսլավայի ու Ֆելիքսի որդին, ծնված 1943թ. Պոպովում, պարտավորվում եմ գաղտնի պահել խոսակցության պարունակությունը, որը ինձ հետ ունեցել են Անվտանգության ծառայությունների աշխատակիցները: Միաժամանակ, պարտավորվում եմ համագործակցել Անվտանգության ծառայությունների հետ՝ բացահայտելու Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության թշնամիներին ու պայքարելու նրանց դեմ: Տեղեկատվությունը պարտավորվում եմ հաղորդել գրավոր տեսքով ու այն լինելու է ճշմարիտ: Անվտանգության ծառայությունների հետ համագործակցությանս փաստը պարտավորվում եմ գաղտնի պահել ու չբացահայտել անգամ ընտանիքիս առաջ: Տեղեկությունը փոխանցելու եմ «Բոլեկ» կեղծանվամբ: Լեխ Վալենսա Բոլեկ»,- գրված է փաստաթղթում:
Թղթապանակում պարունակվում է ավելի քան 750 էջ փաստաթուղթ: Փաստաթղթերն ընդգրկում են 1970-1976թթ.:
Փաստաթղթերը վաճառել է գեներալ Չեսլավ Կիշչակի այրին, որը եղել է գերենալ Վոյցեխ Յարուզելսկու մերձավորներից մեկը, ով գլխավորել է Լեհաստանի ժողովրդական հանրապետությունը 1980-ականներին, գրում է DW-ն:
Լեխ Վալենսան, սակայն, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները:
«Գոյություն չունի իմ ստորագրությամբ ոչ մի փաստաթուղթ: Ես դատարանում դա կապացուցեմ»,- նրա խոսքերը մեջբերել է «Լեհաստանի ռադիոն»: