Լոռիում 40-ամյա տղամարդը դանակի 10 հարվածով սպանել է կնոջը, ինքնասպան լինելու համար սնդիկ է խմել, գնացել երկաթգծերի մոտ՝ իրեն գնացքի տակ գցելու համար

Լոռիում տղամարդը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով կնոջը սպանելու մեջ: 40-ամյա Ս. Ս.-ն անազատության մեջ է գտնվել 2015թ. հուլիսի 26-ից:

Ամբաստանյալ Ս. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հուլիսի 26-ին` ժամը 07:45-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա` ամուսնական դավաճանության համար, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով 10 անգամ հարվածներ է հասցրել կնոջ` Ս.Կ.-ի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Առաջին ատյանի դատարանի՝ 29.07.2015թ. որոշմամբ մեղադրյալ Ս. Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննիչի որոշմամբ ամբաստանյալի կնոջ՝ Ս. Կ.-ի կողմից անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ամուսնուն ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ մահացած լինելու հիմքով:

Տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել

Կարդացեք նաև

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունքներ տվել այն մասին, որ կնոջ և կրտսեր որդու հետ է բնակվել: Կնոջ հետ իր հարաբերությունները եղել են նորմալ, սակայն, ինչպես բոլոր ընտանիքները, իրենք նույնպես ունեցել են վեճ-վիճաբանություններ, որոնք անցել են, և շարունակել են համատեղ ամուսնական կյանքը: Իրենց տնտեսական կարիքների համար պարբերաբար վարկեր են վերցրել բանկերից, սակայն, քանի որ մշտական աշխատանք չի ունեցել, վարկերի մարումն ուշացրել են, կուտակել պարտքեր: Իր ընտանիքի նյութական վիճակը բարելավելու և վարկերը վճարելու համար մեկնել է Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաք, որտեղ աշխատել է շուկայում՝ որպես վաճառող, սակայն ստացած եկամուտը չի բավականացրել ժամանակին վարկի գումարներն ուղարկելու համար: Վարկերի մարումը հաճախակի ուշացնելու պաճառաբանությամբ կինը մշտապես վիճաբանել է իր հետ, ինչի պատճառով ամուսնալուծվել են, սակայն հաշտվելուց հետո շարունակել են համատեղ ամուսնական կյանքը:

Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակ`«Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով իրեն անծանոթ օգտատերը հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ իր կինը դավաճանում է իրեն։ Երբ փորձել է հիշյալ օգտատիրոջից բացատրություն պահանջել, նա ոչնչացրել է այդ էջը։ Ինքը հեռախոսով խոսելու ժամանակ այդ մասին հարցրել է կնոջ: Վերջինս ընդունել է, որ դավաճանել է իրեն, միաժամանակ ասել է, որ իրեն չի սիրում, պետք է բաժանվի: Ինքը նրա ասածը լուրջ չի ընդունել և վերադարձել է Հայաստան, սակայն իրենց բնակարանում կնոջը չի գտել: Իմանալով, որ նա հեռացել է բնակարանից և իրենց փոքր տղայի հետ գնացել մոր բնակարան, գնացել է նրա մոտ, խնդրել, որ նա չբաժանվի իրենից և վերադառնա տուն, սակայն կինը նորից է ասել, որ իրեն չի սիրում, ցանկանում է ազատ կյանք ունենալ, քանի որ սիրեկան ունի։ Դարձյալ չհավատալով նրա խոսքերին՝ շարունակել է խնդրել, որ նա վերադառնա և զբաղվի իրենց երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, իսկ կինը նորից է մերժել: Մեկ այլ օր, որդու հետ, կրկին գնացել է կնոջ մոտ և խնդրել վերադառնալ, նույնիսկ ծնկի է իջել նրա առջև և լացելով համոզել, որ չլքի իրեն: Միայն երեխայի խնդրանքներից հետո նա համաձայնել է և վերադարձել:

Հաջորդ օրը նկատել է, որ կինը հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում և ստանում: Իր հարցին, թե ում հետ է նամակագրական կապի մեջ, նա պատասխանել է, որ՝ իր սիրեկանի հետ, և ցույց է տվել բոլոր հաղորդագրությունները, ապա՝ շարունակել նամակագրությունը։ Հաջորդ օրը կինը խոստովանել է, թե ով է իր սիրեկանը, և, որ նրա հետ արդեն մեկ տարի գտնվում է ինտիմ կապի մեջ: Իրեն զգալով նվաստացած՝ զանգահարել է կնոջ սիրեկանին, կնոջ հետ հանդիպել է նրան: Իր այն հարցին, թե ինչ կապ ունի իր կնոջ հետ, նա պատասխանել է, որ պարզապես ընկերներ են, բազմաթիվ անգամ նրանից գնումներ է կատարել, սակայն սեռական հարաբերություն իրենց միջև տեղի չի ունեցել, որից հետո նա զայրացել ու հեռացել է: Նրա գնալուց հետո կինն ասել է, որ սիրեկանը ստում է, ինքը նրա հետ բազմիցս ունեցել է սեռական հարաբերություններ։ Այնուհետև գնացել են տուն, որտեղ շենքի դիմաց գտնվող իր արհեստանոցում կոտրել է ջերմաչափը և սնդիկը լցրել սրվակի մեջ՝ նպատակ ունենալով ինքնասպանություն գործել։ Գիշերը մտածել ու որոշել է սնդիկը խմելու միջոցով ինքնասպանություն գործել։ Այդ նպատակով իր լուսանկարի ետևին կատարել է «Մամ ջան էս նկարս կդնեք» գրառումը, ապա նամակ է գրել նաև իր որդիներին և ժամը 07:30-ի սահմաններում արթնացրել կնոջը՝ նրան աշխատանքի ճանապարհելու նպատակով: Խոհանոցում սուրճ պատրաստելու ընթացքում լսել է կնոջ՝ ինչ-որ անձի հետ հեռախոսային խոսակցությունը:

Երբ կինն ասել է՝ «էշս ինձ համար կոֆե ա դնում» արտահայտությունը, կարծելով, որ նա խոսում է սիրեկանի հետ, փորձել է ստուգել և գտնել, թե ում կողմից է կատարվել զանգը, սակայն այն չի հայտնաբերել։ Կնոջից պահանջել է ասել, թե ում հետ էր խոսում, սակայն նա հրաժարվել է, ասելով՝ «քո գործը չէ»։ Զայրանալով նրա ասածից, գնացել է հյուրասենյակ, վերցրել պահարանի վրա դրված դանակը, մտել ննջասենյակ, աջ ձեռքով փակել կնոջ բերանը և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և դանակը նետել ննջասենյակի մահճակալի վրա, ապա ինքնասպանություն գործելու նպատակով խմել է արհեստանոցից նախապես վերցրած սնդիկը։

Այդ ժամանակ արթնացել է հյուրասենյակում քնած որդին և փորձել մտնել ննջասենյակ, սակայն ինքը թույլ չի տվել, նրան խնդրել է կանչել հարևանությամբ բնակվող իր մորը։ Որոշ ժամանակ անց լսել է դռան թակոց, բացելով դուռը՝ տեսել է իր մորը և եղբորը: Նրանք մտնելով տուն՝ տեսել են կատարվածը: Ինքն իր մորն է տվել իր լուսանկարը և նամակը ու հեռացել տնից: Տեսնելով, որ սնդիկն իր վրա որևէ ազդեցություն չի գործում, գնացել է հարևանությամբ գտնվող երկաթգծերի մոտ` գնացքի գալու ժամանակ իրեն գնացքի տակ գցելու նպատակով, սակայն իր մոտ է գնացել եղբայրը և համոզել, որ ներկայանա Ոստիկանություն: Ինքը լսելով եղբորը՝ մեղայականով ներկայացել է Ոստիկանության բաժին:
Գիտակցում է իր սխալը և զղջում կատարածի համար: Կարծում է, որ չպետք է սպաներ կնոջը, այլ վերցնելով երեխաներին՝ պետք է հեռանար նրանից, սակայն սկզբում չի հավատացել, որ նա դավաճանել է իրեն, իսկ երբ համոզվել է, զայրույթից և վիրավորանքից չի կարողացել տիրապետել իրեն:

Սկեսուրը հարսին տեսել է արնաշաղախ վիճակում

Տուժողի իրավահաջորդը, ով եղել է սպանված կնոջ մայրը, նույնաբովանդակ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ ամուսնության սկզբնական շրջանում դուստրն ու նրա ամուսինը եղել են հաշտ ու համերաշխ, սակայն, երբ իրենց ընտանեկան կարիքների համար բանկերից վերցրել են վարկեր և ժամանակին չեն կարողացել վերադարձնել, նյութական ծանր վիճակի պատճառով ընտանիքում առաջացել են վեճ-վիճաբանություններ, որի պատճառով կինը մի քանի անգամ հեռացել է ամուսնուց և երեխաների հետ տեղափոխվել իր բնակարան: Ամեն անգամ կնոջ ամուսինը գնացել է իրենց տուն, խնդրել, որ կինը վերադառնա՝ հավատացնելով, որ ամեն ինչ լավ կլինի: Ինքը նույնպես համոզել, հորդորել է աղջկան, որ վերադառնա, նյութական պատճառներով ընտանիքը չքայքայվի: Դուստրը համոզվել և վերադարձել է:

Դեպքի օրը զանգահարել է դստերը, սակայն նա իր զանգերին չի պատասխանել: Ստիպված՝ զանգահարել է դստեր ամուսնու եղբորը, ով պատասխանել է, որ «եղել է այն, ինչ պետք է լիներ»: Անհանգստանալով՝ անմիջապես գնացել է դստեր տուն և շենքի մոտ տեսել հավաքված ոստիկանների, ովքեր իրեն թույլ չեն տվել մտնել տուն: Ոստիկաններից տեղեկացել է, որ դստեր ամուսինը դանակահարել և սպանել է նրան։ Տարբեր խոսակցություններից և քննության ընթացքում Ոստիկանությունում լսել է, որ դուստրը դավաճանել է ամուսնուն, և սպանության պատճառը եղել է խանդը: Եթե դուստրն իսկապես դավաճանել է ամուսնուն, ինքը նրա արարքը չի արդարացնում, սակայն կարծում է, որ նա այդ քայլին գնացել և ճանապարհից շեղվել է անելանելիությունից դրդված:

Ամբաստանյալ Ս. Ս.-ի մայրը ցուցմունք է տվել, որ դեպքի օրն անհանգստացած, շտապ գնացել է որդու տուն: Երբ որդին բացել է տան դուռը, նա եղել է միայն վարտիքով, որն արյունոտված է եղել։ Իր այն հարցին, թե ինչ է պատահել, նա պատասխանել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով սնդիկ է խմել, «եթե տեսնես, թե ննջասենյակում ինչ եմ արել, ինձ կհասկանաս»: Մտնելով ննջասենյակ՝ տեսել է, որ հարսն արյունաշաղախ հատակին ընկած է: Նրան ուշքի բերելու նպատակով ջուր են լցրել վրան, իսկ ինքն անմիջապես զանգահարել է Շտապօգնություն, սակայն պարզվել է, որ հարսը մահացած է։

Ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` ամբաստանյալ Ս. Ս.-ն հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում։ Փորձաքննվողը չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի, հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան՝ գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։ Ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։ Ուստի, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան հարկ է ճանաչել մեղսունակ։ Հանցագործությունը կատարելու պահին նա ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել։ Հանցագործությունը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարված վիճակում, ինչը որոշակիորեն ազդել է նրա վարքի և գիտակցության վրա` նվազեցնելով վարքի կառավարման ունակությունները:

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս