Եվրամիությունը համաձայնության է եկել Բրիտանիայի հետ. Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում
Եվրամիության իշխանությունները պայմանավորվել են Լոնդոնի հետ այն մասին, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում, իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ համաձայնությունը միաձայն հավանության է արժանացել:
Առաջինը ձեռք բերված պայմանավորվածության մասին գրել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: «#UKinEU համաձայնությունը [Բրիտանիան՝ ԵՄ-ի կազմում] ձեռք է բերվել»,- հայտնել է Գրիբաուսկայտեն իր միկրոբլոգում:
Այնուհետ տեղեկությունը հաստատել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան՝ գործարքն անվանելով «արժանի փոխզիջում»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ պայմանավորվել է Բրյուսելի հետ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի հատուկ կարգավիճակի շուրջ: Գործարքի պայմաններն այսօր կներկայացվեն նախարարների կաբինետին:
Քեմերոնը պահանջում էր ԵՄ-ից բարեփոխումներ ու սպառնում, որ իր երկիրը դուրս կգա Եվրամիությունից, եթե իր պահանջներին ականջալուր չլինեն:
Բրիտանիան որոշել էր Եվրամիությունից դուրս գալ հանրաքվեի անցկացմամբ, որը պետք է տեղի ունենար 2017 թվականին: