«Իր գործունեության մեջ միայն կատարողի ձևաչափով հանդես չեկող…». Արփինե Հովհաննիսյանը՝ Արման Թաթոյանի մասին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին դեռևս համալսարանից է ճանաչում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ա. Հովհաննիսյանը լրագրողներին հորդորեց փոքր-ինչ սպասել ու տեսնել Ա. Թաթոյանի իրապես տարբերվող որակները՝ մարդկային, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով:

«Իր գործունեության մեջ միայն կատարողի ձևաչափով հանդես չեկող, առաջարկություններ, մտահոգություններ ներկայացնող և դրանց խիստ մասնագիտական լուծումներ առաջարկող… Շատ չեմ ուզում խոսքեր շռայլել, ուզում եմ ԱԺ-ում դուք տեսնեք հարցադրումների իր պատասխանները, ինքներդ նաև կհամոզվեք: Պարզապես կարող եմ հորդորել կանխակալ վերաբերմունք չունենալ»,- նշեց նախարարը:

Հարցին՝ ո՞րն է երաշխիքը, որ իշխանության թեկնածուն իշխանությունների անօրինությունների դեմ կպայքարի, Ա. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Իշխանությունների թեկնածուն է, թե իշխանությունների թեկնածուն չէ՝ պետք է թույլ տալ մարդուն աշխատել, բացարձակապես ճիշտ չէ, երբ այն մարդիկ, ովքեր պետք է նրա գործընկերը լինեն, իսկ դա լրագրողներն են, ի սկզբանե նման վերաբերմունք ցուցաբերեն: Դուք դեռ չեք տեսել, որ ինքն անի ինչ-որ հակառակ բան, կամ չարդարացնի այն ակնկալիքներն ու սպաումները, որ դուք ունեիք»:

Դիտարկմանը, թե՝ ՄԻԵԴ-ում նա հակառակ դիրքերից է հանդես եկել, Ա. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Պրոֆեսիոնալ որոշակի դիրքորոշում ներկայացնելը չի նշանակում՝ ՄԻԵԴ-ում հակառակ դիրքերից հանդես գալ: Կարծում եմ՝ պետք է մի փոքր ավելի պրոֆեսիոնալ դիրքորոշում ցուցաբերել, քան վերարտադրելն է այս կամ այն ձևով արտահայտված տեսակետները: Ես գիտեմ, որ նա կարող է շատ լավ օմբուդսմեն աշխատել, իսկ եթե նա չի հաջողի, դրան ականատես կլինեք թե՛ դուք, և թե՛ ես»:

Տեսանյութեր

Լրահոս