Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ։ Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»,- գրել է նա։