«ՀՅԴ-ն իրեն որպես երկրորդ ուժ է տեսնում, սակայն ինքն այդքան չկա, իսկ ՕԵԿ-ն իր երգը երգել է». Տիգրան Կարապետյան

«Ընդդիմադիր ուժեր մենք չունենք, բացի որոշ դեմքերից` նկատի ունեմ ժիրայր Սէֆիլյանին, մնացածը դրդապատճառ են ման գալիս որ ոտքի կանգնեն, բայց կան անարդարություններ իշխանության կողմից, դա է գլխավոր դրդապատճառը ոտքի կանգնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարպետյանը՝ խոսելով ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմելու առաջարկության մասին:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր են Ժիրայր Սէֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը, իսկ իր մասին ասաց, որ իրեն իշխանության ճամբարում երբևէ չեք տեսնի:

Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին՝ Տ. Կարապետյանն ասաց, որ Դաշնակցությունը միշտ ընտրություններից առաջ մարզպետներ է ուզում ձեռք բերել. «ՀՅԴ-ն իրեն որպես երկրորդ ուժ է տեսնում, սակայն ինքն այդքան չկա: ՀՅԴ-ն փոքր, բայց կազմակերպված ուժ է, ինչը նախագահին ձեռք է տալիս»:

Տ. Կարապետյանը կարծում է՝ ընդդիմադիրների միավորումները չեն կայանա, քանի որ ընդդիմադիրներն իրենք իրենց խանգարում են:

Նրա գնահատմամբ՝ այս համագործակցության գործընթացը իշխանության վերարտադրություն է Սերժ Սարգսյանի տեսքով: Հարցին՝ այսինքն՝ Ս. Սարգսյանը հրաժեշտ կտա՞ իր թիմակիցներին՝ Տ. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Հրաժեշտ չի լինի թիմակիցներին, բայց փոփոխություններ կլինեն՝ ավագ սերնդի հաշվին: Աշոտյանն ասում է՝ ես քաղաքական գործունեություն եմ ծավալելու, դա արդեն մեսիջ է: Երիտասարդ սերունդը առաջ է քաշվելու իշխանության կողմից»:

Տ. Կարապետյանի խոսքով՝ ԲՀԿ-ն կփորձի իր տեղը պահպանել, ընդ որում՝ ՀՅԴ-ն է գրավում այդ երկրորդ ուժի դերը: Ինչ վերաբերվում է Արթուր Բաղդասարյանին, Տ. Կարապետյանի կարծիքով, նա «իր երգը երգել է»:

Հարցին՝ եթե Ժ. Սէֆիլյանին այդքան հավանում եք, ինչո՞ւ չեք միանում նրանց շարժմանը, Տ. Կարապետյանը պարզաբանեց, որ Ժ. Սէֆիլյանը մենակ չէ այդ շարժման մեջ: Բանախոսը նաև կարծում է՝« Ժառանգությունն» իր ռեսուրսն ունի, որը կփորձի պահպանել 2017 թվականի ընտրություններին:

Նա նաև հայտարարեց, որ ինքը քաղաքականութույնից չի հեռացել, երբ գա ժամանակը, նորից ակտիվ քաղաքականություն կվերադառնա, բայց չհստակեցրեց՝ երբ է գալու այդ ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս