«Սկսած առաջին նախագահից՝ հայկական կողմը միշտ ասել է, որ պատրաստ ենք զիջել տարածքները». Պաշտպանության նախկին նախարար

«Լավ կլիներ, որ այդ բանաձևը չանցներ, չընդունվեր, բայց սա նաև հնարավորություն է տալիս, որ ԼՂՀ-ն ավելի մեծ դերակատարում ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:

Նրա խոսքով՝ այդ երևույթին գնահատական տալիս՝ պետք է գնահատենք՝ ի՞նչ նպատակներ է հետապնդել Ալիևը և ի՞նչ է ստացել. «Գիտենք, որ երկու բանաձև  է ուզել անցկացնի,  առաջինը չի հաջողվել անցկացնել, որը շատ ավելի վտանգավոր է: Հիշենք, որ նման բանաձևը նախկինում անցել է ԵԽ ԽՎ-ում, ու հիմա եթե չանցավ, նշանակում է՝ այն նախորդն էլ կորցրեց իր կարևորությունը»:

Վ. Հարությունյանի կարծիքով՝ սխալ է ասել, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը որևէ ազդեցություն չի կարող ունենալ. «Սա, իհարկե, Ադրբեջանն օգտագործելու է, բայց սա նաև հնարավորություն է տալիս, որ ԼՂՀ-ն ավելի մեծ դերակատարում ունենա, ու ԼՂՀ իշխանությունները ճիշտ են արել՝ դիմելով Ադրբեջանին, որ՝ եկեք բանակցենք այդ հարցի շուրջ»:

Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ,  եթե գնահատենք ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, հստակ երևում է, որ աշխարհը գնում է հակամարտությունների. «Դրա պատճառն ակնհայտ է, Արևմուտքն ու ԱՄՆ-ը ուզում են պահպանել իրենց լիդերությունը, բայց կամաց-կամաց կորցնում են դա, ու ակնհայտ է, որ տնտեսական քաղաքական կենտրոնն Արևմուտքից Ասիա է շարժվում, ու դրա հետ կապված՝ հակամարտությունները սրվելու են, ու մեր տարածաշրջանում՝ ևս: Հիմքում եթե գնահատենք՝ լայնածավալ պատերազմ կսկսվի՞, թե՞ ոչ, պետք է գնահատենք՝ արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է պատերազմ սկսել. ես համոզված եմ, որ՝ ոչ: Ադրբեջանը որ ասում է՝ մեծ բյուջե ունեն, դա քարոզչական նպատակներ է հետապնդում: Իրենք այդ փողերն էֆեկտիվ չեն օգտագործում, եթե ՀՀ-ն  հինգ-վեց անգամ ավելի էժան է ձեռք բերում ռազմամթերքը, իրենք շուկայական գներով են ձեռք բերում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ խնդիր է Ադրբեջանը հետապնդում, Վ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Մենք գիտենք, որ սկսած առաջին նախագահից՝ հայկական կողմը միշտ ասել է, որ պատրաստ ենք զիջել տարածքները, իսկ Ադրբեջանն ասում է՝ այդ տարածքներն իմն են, Ղարաբաղն իմն է: Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը: Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ հայ ծնողները զինվորների դագաղներ ստանան, իրենք ուզում են վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում, ու հայկական կողմը գնա զիջումների»:

Տեսանյութեր

Լրահոս