Բաժիններ՝

Մահացել է «Գարուն» ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանը

Հայ գրականությունը հերթական ցավալի կորուստը կրեց. 58 տարեկանում վախճանվեց արձակագիր, 1996 թվականից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի եւ «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը:

Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրի խմբագրությունում: 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար (1991-ից), գլխավոր խմբագրի տեղակալ (1993-ից): 2002 թվականից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաեւ ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը:

Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետեւ լույս են տեսել «Ճանճի ամիսը» (1998), «Համեմատական կենսագրություններ» (2004) վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի» (2003) մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» (2009) արձակ գործերի, «Անխարիսխ եւ անհենարան՝ երկրագնդի նման» (2007) հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:

«Պատմություն մեծն Կովկասի» վեպը 2009 թվականին (անտիպ, տպագրվել է 2013 թ.) արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:
Վարուժան Այվազյանի՝ ինքնատիպ գրողի, լրագրողի, գրական անբասիր գործչի, ճշմարիտ մտավորականի հիշատակը վառ կմնա նրա հարազատների ու մտերիմների, գործընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում: 

Հայաստանի գրողների միության վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս