Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 7-ին դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը եւ խոստացել «ամենալուրջ միջոցները» ձեռնարկել ի պատասխան Փենյանի կողմից միջազգային կազմակերպության բանաձեւերի խախտման:

«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին այդ արձակումը»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի դեսպան Ռաֆայել Դարիո Ռամիրես Կարենյոն, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ում: Նրա խոսքով՝ արձակումը «Անվտանգության խորհրդի բանաձեւերի լուրջ խախտում էր»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է. «Մենք երաշխավորում ենք, որ Անվտանգության խորհուրդը կձեռնարկի ամենալուրջ միջոցները: ԿԺԴՀ-ի կողմից վերջին խախտումներն էլ ավելի խիստ պատասխան են պահանջում»:

Իր հերթին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ ԱԽ-ի բոլոր անդամները «միահամուռ դատապարտեցին» ԿԺԴՀ-ի այդ գործողությունները եւ հայտարարեցին, որ Անվտանգության խորհուրդը պետք է նոր պատժիչ բանաձեւ պատրաստի:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, նույնպես խստիվ դատապարտել են ԿԺԴՀ-ի գործողությունները եւ կոչ են արել՝ միջոցներ ձեռնարկել Փենյանի նկատմամբ:

ԿԺԴՀ-ն փետրվարի 7-ին հեռահար գործողության հրթիռի արձակում է իրականացրել: Փենյանում հայտարարել են, որ հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Kwangmyongsong-4 («Պայծառ աստղ-4») արբանյակը, որը նախատեսված է Երկրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս