«Կարգապահ, համեստ ու ընկերասեր էր Սիմոնը»
asparez.am. Փետրվարի 5-ի գիշերը` ժամը 03.55-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: Նա ծնունդով Շիրակի մարզի Փանիկ գյուղից էր, ընտանիքի կրտսերն էր, ուներ մեկ եղբայր, հայկական բանակից զորացրվելու էր այս ամռանը:
Սիմոն Ճավրշյանին գյուղի միջանակարգ դպրոցում բոլորն են հիշում:
-Համեստ, ազնիվ, իր ուժերի սահմաններում սովորող, համեստ ընտանիքի երեխա էր, կարգապահ էր ու երբեք չէր բացակայում դասերից, շատ ընկերասեր էր,-փոխանցում է Փանիկի միջանակարգ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ Սվետլանա Քերոբյանը, ով դասավանդել է Սիմոն Ճավրշյանի ավագ եղբորը եւս:
Ս.Քերոբյանի խոսքով` զոհված զինծառայողի եղբայրը ծառայել է Չինարի գյուղի մոտ, զինծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է գյուղ եւ հոր հետ գնացել ՌԴ` արտագնա աշխատանքի, իսկ զոհված զինծառայողի մայրն ու տատիկն ապրել են Փանիկ գյուղում:
Զինծառայողի մահվան գույժն իմանալուց հետո` ՌԴ-ից պատրաստվում են Փանիկ վերադառնալ հայրն ու եղբայրը: