Ամերիկայի հայկական համագումարը հանդես է եկել ընդդեմ Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրելուն
Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուին հղված նամակում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է արել ԱՄՆ-ին հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի կոռումպացված ու ավտորիտար վարչակարգի համար առաջարկվող ցանկացած ֆինանսական օժանդակության տրամադրման, հատկապես՝ ԱՄՆ հարկատուների միջոցներով։ Համաձայն ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունների, ԱՄՆ-ի կողմից սատարվող Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը դիտարկում են Ադրբեջանին 4 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության տրամադրումը, մինչդեռ միևնույն ժամանակ Standard and Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը՝ նախազգուշացում ուղարկելով ներդրողներին, որ նրանք դիտարկվում են որպես սպեկուլյատիվ աղբ։
«Պարգևատրելու փոխարեն աշխարհում առավել կոռումպացված բռնապետական երկրներից մեկին, որի նախագահ Իլհամ Ալիևը ստացել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բնագավառում Տարվա մարդ երբևէ տրված առաջին մրցանակը (շնորhված Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի կողմից), Ադրբեջանին պետք է կոչ անել շատ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել ու օգտագործել իր նավթային ռեսուրսներն ի բարօրություն իր ժողովրդի, այլ ոչ թե քրիստոնյա հայերի հաշվին», – նշված էր Համագումարի կողմից հղված նամակում: Բացի այդ, նամակում ընդգծված էր, որ «Ադրբեջանի նախագահը շարունակում է վարել իր քաղաքականությունը՝ փորձել լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը՝ սպառնալով վերացնել Հայաստանը քարտեզի վրայից»:
Համագումարն արձագանքեց, 2015 թվականին տեսնելով 1994 թվականի զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր ադրբեջանցի դիպուկահարների և ծանր հրետանու կրակահերթերի զոհ դարձած հայերի առավելագույն թիվը, ինչպես նաև հայկական դպրոցների և այլ քաղաքացիական տարածքների թիրախավորումը հայ-ադրբեջանական սահմանի և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով:
«Ֆինանսական օժանդակության տրամադրումը կոռումպացված, օտարերկրյա վարչակարգին, որը շարունակում է շրջափակման մեջ պահել և հարձակվել իր քրիստոնյա հարևանի վրա, դեմ է ամերիկյան արժեքներին»,- նշել են Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգտագործել իր զգալի ազդեցությունը, որպես Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի առաջատար անդամ՝ հանդես գալու ընդդեմ ցանկացած նմանատիպ ֆինանսական օժանդակության»,- նրանք շարունակել են:
Քարտուղարներ Քերրին և Լյուին հղված Համագումարի նամակը հասանելի է այստեղ.
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: