Մեղադրյալին գործարքի՞ են մղել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի դեմ ապացույցների բացակայության պայմաններում որոշում է կայացվել անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ա. Բուդաղյանը 2015թ. հուլիսի 3-ից գտնվում է անազատության մեջ. քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար: Ներկայացնելով տեղի ունեցածը՝ Հ. Ալումյանն ասաց. «Ա. Բուդաղյանի դեմ ապացույցների բացակայության պայմաններում նախաքննական մարմինը որոշել է անօրինական ճանապարհներով ապացույցներ ձեռք բերել և գործարքի է մղել մեղադրյալներից մեկին՝ Գարեն Աթաջանյանին:

Գործարքը կայանում է հետևյալում՝ նա զրպարտում է Ա. Բուդաղյանին, նրա դեմ տալիս զրպարտիչ ցուցմունք, որի դիմաց նախաքննական մարմինը նրան ազատ է արձակում: Իսկ ազատ արձակելու մեթոդն էլ զարտուղի. այսինքն՝ ստանում են դատաբժշկական փորձաքննության մի եզրակացություն, որ նրա առողջական վիճակն այն աստիճանի վատ է, որ իր՝ կալանքի տակ գտնվելն արդեն դառնում է անհնարին: Տեսեք՝ ես պատրաստ եմ հենց հիմա ընդունել մի բան, որ, ենթադրենք, ինքն իրոք այդպիսի ծանր առողջական խնդիրներ ունի: Այդ դեպքում ինչո՞ւ են իրեն 6 ամիս կալանքի տակ պահել ու պայման դրել, որ մինչև Արայի դեմ ցուցմունք չտա, բաց չթողնեն, չէ՞:

Ինչո՞ւ են այդ դեպքում իրեն ազատ արձակելը կապել Արայի դեմ ցուցմունք տալու հետ: Դա արդեն ակնհայտորեն նշանակում է, որ իրեն խոշտանգելով՝ ստիպել են ցուցմունք գրի, որովհետև, եթե մարդը գտնվում է այդ աստիճանի վատ առողջական վիճակում, որ կալանքի տակ չպիտի գտնվի, ու իրեն պահում են կալանքի տակ, պայման դնում, որ բաց կթողնենք, երբ միայն այսինչ ցուցմունքը կստորագրես, դա խոշտանգում է նշանակում: Դա ընկնում է դասական խոշտանգման սահմանման տակ: Սա՝ մի տարբերակ. սա՝ այն դեպքում, եթե ընդունենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն իրականությանը համապատասխանում է: Իսկ եթե ընդունենք, որ դատաբժշկական եզրակացությունը շինծու է, այդ դեպքում էլ խոսքը մի ուրիշ իրավախտման մասին է: Այսինքն՝ եթե ընդունենք, որ դատաբժշկական եզրակացությունը կեղծ է կամ կեղծ չէ, երկու դեպքում էլ ակնհայտ անօրինականություն կա:

Կարդացեք նաև

Ու այս մեթոդներով փորձում են գործ ստեղծել Արայի դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը՝ նշելով, որ սա արդեն հաշվեհարդար է նրանց ընտանիքի նկատմամբ. մեծ եղբայրը սպանվել է, բավական չէ, որ միջնեկ եղբոր առողջությանը ծանր վնաս հասցրին, նրան քրեական պատասխանատվության ենթարկեցին: Փաստաբանի խոսքով՝ ցուցմունքն արդեն ձեռք է բերվել, ստացվել է նաև փորձաքննության եզրակացությունը. խոսքը երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին է, որի դրսևորումները ներկայացվել են «սրտաճմլիկ ձևով»: Փաստաբանը նշեց, որ սա տեղի է ունենում այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկներում ամեն 10-րդը շատ ավելի ծանր առողջական խնդիրներ ունի, բայց նրանց պահում են կալանքի տակ. «Մահամերձ էլ է լինում, պահում են կալանքի տակ»: Փաստաբանն ասաց նաև, որ այս պահին այդ ցուցմունքը միակ ապացույցն է Ա. Բուդաղյանի դեմ:

Նշենք, որ Գ. Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` պատվերով ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու համար: Նրա որդին գործի հետ կապված տեղեկությունները ճշտելու համար խորհուրդ տվեց դիմել հոր պաշտպաններին: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, ասաց, որ հիվանդության մասին հայտնվել է դեռ այն ժամանակ, երբ քննվում էր նրան կալանավորելու հարցը, հիվանդության վերաբերյալ փաստաթղթեր են ներկայացվել, խոսքն օբյեկտիվորեն գոյություն ունեցող հիվանդության մասին է. բացի այդ՝ մեղադրյալն առողջական բազմաթիվ այլ խնդիրներ ունի: Իսկ ցուցմունք տալու կամ չտալու հարցի վերաբերյալ փաստաբանն ասաց, որ մեղադրյալն ունի նաև այլ պաշտպան, ինքը քննչական գործողության չի մասնակցել: Գ. Աթաջանյանի մյուս պաշտպան Մհեր Բադալյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում մեկնաբանություններ չի անում:

Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ էին արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ. ըստ իրավապահների՝ մեքենայի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը, ովքեր տուժող են ճանաչվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս