Լիլիթը խնդրում է հարգել իր և իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը
Ինչպես տեղեկացրել էինք` հունվարի 25-ին ազատ են արձակվել 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երեւանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործով մի քանի կալանավորվածներ, այդ թվում նաեւ «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի համակարգող, լրագրող Լիլիթ Թորոսյանը: «Ասպարեզը» փորձել է կապ հաստատել Լիլիթի կամ նրա ընտանիքի հետ:
Ինչպես «Ասպարեզի» հետ զրույցում նշել է Արեւիկ համայնքի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը, Լիլիթը եւ նրա ընտանիքը կտրուկ չեն ուզում շփվել լրագրողների հետ:
«Գիշերը շատ ուշ ժամի Լիլիթենք վերադարձան գյուղ: Ես խոսեցի Լիլիթի հետ եւ հիմա բառացի փոխանցում եմ իր բառերը. ձեր միջոցով Լիլիթը խնդրում է իր բոլոր լրագրող գործընկերներին ու լրատվամիջոցներին առհասարակ չանհանգստացնել իրեն եւ իր ընտանիքին, հարգել իր եւ իր ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը եւ ըմբռնումով մոտենալ ու հարգել իր խնդրանքը»,- մանրամասնել է Արեւիկ համայնքի գոյւղապետ Գարեգին Ստեփանյանը: