«Ցավում ենք, որ ԵԽ ԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Սարսանգի ջրամբարի բանաձևի հարցում»
ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը
– ԵԽԽՎ այսօրվա նիստի ընթացքում մերժվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձևի նախագիծը և ընդունվել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ակնհայտ միակողմանի և քարոզչական բնույթ կրող բանաձևի նախագիծը։ Սա վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ, որոնք հասկանում են պահի պատասխանատվությունն ու լրջությունը։
Տուրք չտալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելու ուղղությամբ Ադրբեջանի քաղաքականությանը՝ ԵԽԽՎ փաստորեն հաստատեց, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը գտնվում են իր իրավասության դաշտից դուրս և պետք է դիտարկվեն կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Միևնույն ժամանակ ցավում ենք, որ ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձևի հարցում։ Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի եղել է և լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որևէ բանաձևում։
ԼՂՀ ԱԳՆ