НТВ-ի աղմկահարույց ռեպորտաժը՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին
НТВ հեռուստաընկերության սյուժեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին, ցուցադրվել է միայն Ռուսաստանի արևելքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Լյուդմիլա Պուտինայի նոր ամուսնության մասին պատմող սյուժեն չի ցուցադրվել НТВ-ի «Օրվա ամփոփում» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է Ռուսաստանի եվրոպական մասում ու Սիբիրում, թեև դրա անոնսն ավելի վաղ հրապարակվել էր երեկ НТВ-ի կայքում:
Դրանում պատմվում է Լյուդմիլա Պուտինայի հնարավոր ամուսնության մասին: Ընդ որում, նշվում է, որ НТВ-ի լրագրողները չեն տեսել ամուսնության վկայականն ու չեն խոսել ո´չ Լյուդմիլա Պուտինայի, ո´չ նրա նոր ամուսնու հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Собеседник-ը, հղում կատարելով ՌԴ նախկին առաջին տիկնոջ անշարժ գույքի փաստաթղթերում տեղ գտած ազգանվան փոփոխությանը, գրել էր, թե Ռուսաստանի նախագահի նախկին կինը նորից ամուսնացել է:
Ընդդիմադիր Ալեքսեյ Լավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ստուգել էր պարբերականի հրապարակած նյութերը:
Նշվում էր, որ Պուտինայի նոր ամուսինը 37-ամյա Արթուր Օչերետնին է, ով ղեկավարում է Միջանձնային հեռահաղորդակցության զարգացման կենտրոնը: Լյուդմիլա Պուտինան երկար ժամանակ եղել է կենտրոնի հոգաբարձուն: Տղամարդն ավելի վաղ աշխատել է «Արթ շոու կենտրոն» ընկերությունում ու զբաղվել է տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, այդ թվում՝ «Եդինայա Ռոսիայի» համար:
Նշվում է, որ Լյուդմիլա Պուտինան փոխել է ազգանունն ու դարձել է Օչերետնայա: Նյութում ասվում է, որ նոր անձնագիրը Օչերետնայա ազգանունով ստացվել է 2015թ. փետրվարի 2-ին Մոսկվայի դաշնային միգրացիոն ծառայության վարչության կողմից:
НТВ-ն դեռ չի բացատրել, թե ինչ պատճառով սյուժեն չի ներառել իր եթերում ու ինչու է անոնսը հեռացրել կայքից:
Վլադիմիր Պուտինը կնոջից ամուսնալուծվելու մասին հայտնել է 2013թ. հուլիսին: