«Պատմությունը քաղաքականացվում է` ծառայելով կոնկրետ երկրների կոնկրետ քաղաքական նպատակներին». Սամվել Ֆարմանյանը` ԵԽ ԽՎ-ում
ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ևս ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում մինչ քվեարկությունը: Նա նշեց, որ գլոբալացված աշխարհում չափազանց կարևոր է ծանոթ լինել պատմությանը և դրա շուրջ առկա տարբեր մեկնաբանություններին: Ըստ նրա, շատ ենք հանդիպում դեպքերի, երբ քաղաքական գործիչներն աղճատում են պատմությունը: «Այսօր այստեղ եմ անհանգստություն արտահայտելու պատմությունը վերանայելու փորձերի վերաբերյալ»,- նշեց Ֆարմանյանը:
Հայ պատվիրակի մեկնաբանմամբ, պատմությունը շարունակվող երկխոսություն է անցյալի և ներկայի միջև, բայց բոլորին շատ լավ հայտնի է, որ հաճախ պատմությունը փոփոխությունների առարկա է դառնում` ի պատասխան նոր քաղաքական իրողությունների: «Այնուամենայնիվ, հաճախ պատմությունը քաղաքականացվում է ծառայելով կոնկրետ երկրների կոնկրետ քաղաքական նպատակներին: Այս ամենն արվում է ավելի շատ քաղաքական իշխանություն կոնսոլիդացնելու նպատակով: Ես այստեղ եմ անհնագստություն արտահայտելու, որ պատմության վերանայմանը, պատմության խմբագրմանը հաջորդում են ջանքերը կոնսոլիդացնելու ավելի շատ իշխանություն և մեկ քայլ առաջ կոնսոլիդացնելու կառավարման բռնատիրական մեթոդներ և այս միտումը դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից»,- ընդգծեց Ֆարմանյանը` եզրափակելով, որ Թուրքիան բացառություն չէ, նման երկրների ցանկը մեծ է: