ՌԴ-ի ու Իրանի դիվանագետները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որից մեջբերումներ է կատարում RIA Novosti-ն:
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայի ու Անդրկովկասի իրավիճակին, ԼՂ կարգավորմանը, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի կյանքի կոչմանն ու Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեին Անսարին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում:
«Հիմա, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր կատարել հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Անսարին: