
Իրանը պատրաստ է միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ինչպես հայտնում է APA-ն, Իրանի փոխարտգործնախարար Հուսեին Ջաբիրի Անսարին, պատասխանելով ադրբեջանական գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենադժվարին ժամանակներից ի վեր ցանկացել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ճգնաժամը:
«Հիմա, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, մենք պատրաստ ենք միջնորդական դեր կատարել հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Անսարին:
Հուսեին Ջաբիրի Անսարին հայտնել է, որ անցկացվել են բանակցություններ ադրբեջանական կողմի հետ՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարելիք այցի վերաբերյալ, ու հենց վերջնական որոշում կայացվի, այդ մասին հայտարարվի:
«Երկրները միշտ վարում են քաղաքական քննարկումներ: Հասան Ռոուհանիի ու Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը վկայում էր Իրանի ու Ադրբեջանի միջև պատմականորեն ձևավորված կապերի զարգացման մասին: Երկրների համագործակցությունը զարգանում է»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը: