«Նրանց թվում է` եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է». Ալեքսանդր Մանասյան

«Հիմա այդ բանաձևերի ընդունումը կամ մերժումը չէ, որ պետք է քննարկենք: Մենք հասարակական, քաղաքական շրջանակում կարծես հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, ու սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց այդ կեցվածքը, կաշառակերության դեպքերը չէ, որ պետք է քննարկենք: Խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք, ինչպես պետք է նախապես չեզոքացնենք դրանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում քննարկվելիք երկու հակահայկական՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցներին:

Ըստ քաղաքագետի՝ մենք չունենք դիվանագիտության ճիշտ ըմբռնում. «Մեզ մոտ դիվանագիտությունն ասոցիացվում է միայն նախագահի ու ԱԳՆ-ի հետ, այնինչ դիվանագիտությունը միայն պաշտոնականը չէ: Մենք չունենք այդ բնագավառներում աշխատելու ոչ ծրագիր, ոչ հայեցակարգ։ Կա պառլամենտական, նաև ժողովրդական դիվանագիտություն: Մեզ պետք է ժողովրդական դիվանագիտության խաղի կանոնների իմացություն և պառլամենտական դիվանագիտություն։ Ժողովրդական դիվանագիտության հարթակներում խոսքի ազատությունն ավելի մեծ է, քան պաշտոնականում։ Մեր պառլամենտականներն արդյո՞ք մի անգամ հրավիրել են մեր փորձագետներին, որ խոսեն ու քննարկեն, թե նման զեկույցներ կան, ի՞նչ պետք է անել: Նրանց թվում է, թե եթե աթոռին նստեցին, խելքն աթոռի վրա է: Չկա կապ փորձագետների հետ, մենք ճիշտ քաղաքականություն չենք իրականացնում եվրոպական դիվանագիտության մեջ»:

Քաղաքագետը նշեց, որ սարսափելի ոչինչ չկա բանաձևերի ընդուման մեջ, որովհետև միակ օրինական միջազգային կառուցը, որն ունի մանդատ այս հարցում, ԵԱՀԿ Մինսկի խումբն է. «Խնդիրն այլ է, որ դրան չենք հակադարձում, մեզ համար ԼՂՀ հիմնահարցի շուրջ նպաստավոր կերպար չենք ստեղծում եվրոպական դիվանագիտության մեջ: Մեր պատվիրակության անդամները պետք է շատ լավ ծանոթ լինեն այլ երկրների պատվիրակություններին, իմանան, թե նրանք ինչ են գրել, ինչ նախասիրություններ ունեն: Բայց դա չեն անում ու նույնիսկ ղարաբաղյան հիմնախնդրին խորքային ծանոթ չեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս