Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան. «Արմենպրես»
Գյումրու մինի կենդանաբանական այգու արջերը՝ Մաշան և Միշան հունվարի 22-ին տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կմնան որոշ ժամանակ՝ վերականգնվելու, Ռումինիա տեղափոխվելու համար հատուկ պատվաստումներն անցնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գյումրու մինի կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը:
«Կարծում եմ՝ 20 օրից մինչև 1 ամիս կմնան Երևանում. հատուկ կարանտինի շրջան է պահանջվում արտերկիր տեղափոխելու համար, բացի այդ արջերին նաև համարակալելու ու պատվաստելու են: Մինչ այդ էլ կլուծվի նրանց տեղափոխման համար անհրաժեշտ անձնագրերի հարցը»,- նշել է Ստեփան Վարդանյանը:
Մաշա և Միշա արջերին Ռումինիայի արջերի պահպանության և խնամքի համար նախատեսված հատուկ պահպանվող այգի տեղափոխելու ցանկություն հայտնել է Libearty Bear Sanctuary կենդանիների պաշտպանության ասոցիացիան: Արջերի պահպանման ու խնամքի այգին հատուկ գոտի է« որտեղ այժմ գտնվող կենդանիները բնակվում են բնական միջավայրում:
Ստեփան Վարդանյանը, սակայն, առյուծների հարցը դեռ անորոշ է համարում: «Գտնում եմ, որ նրանց ևս ճիշտ է Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելը»- ավելացրել է տնօրենը:
Գյումրիում 2010 թվականից գործող մինի կենդանաբանական այգին այլևս չի կարող գոյատևել: Խնդիրը ոչ միայն կերի հայթայթման հետ է կապված, այլ նաև ջրի ու ձմեռային սեզոնին հատուկ հարմարությունների բացակայության: Խնդիրն այնքան լուրջ է, որ ստիպված ուղտին, լամային, կապիկներին, լուսաններին ու ջայլամին ժամանակավորապես պահ են տվել Արմավիրի գազանանոցում: Գյումրիում այս պահին շատ լուրջ է առյուծների՝ 7 տարեկան մայր առյուծի՝ Մերիի ու ձագերի՝ Զիտայի ու Գիտայի հարցը: