Ի՞նչ պետք է աներ և որտե՞ղ պետք է օգտագործեր զենքը «հանցավոր» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը
Նախորդ տարի վնասազերծված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: «Իհարկե, դա գնահատման խնդիր է, ասում է, որ ինքն իր խմբով, իր ղեկավարությամբ բացառապես չեն պատրաստվել հանցագործություն կատարել, մասնավորապես` երկրի ղեկավարների սպանության տեսքով՝ այն սցենարը, ինչը մամուլում ներկայացվեց հանրությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է աներ զենքը, փաստաբանն ասաց, որ նախաքննությունը պետք է տա այդ հարցի պատասխանը. զենքը եղել է նրանը, իսկ նախաքննությունը պետք է պատասխանի հարցերին՝ զենք օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, որտե՞ղ պետք է օգտագործվեր:
«Այս պահի դրությամբ, որպես վերջինիս պաշտպան, ես բացարձակ չեմ տեսնում մամուլում հրապարակված այն տարբերակը, որ իբր թե վերջինիս գլխավորությամբ խումբը պատրաստվում էր հանցագործություն կատարելու սպանության տեսքով: Ես, համենայն դեպս, չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ դա ոչ իրավաչափ է: Եվ եթե ես տվյալ դեպքում ներկայացնում եմ, ենթադրենք, խմբի ղեկավարի շահերը և ղեկավարի հետ կապված դա չեմ տեսնում, բնականաբար, չեմ կարող տեսնել նաև խմբի մնացած անդամների հետ կապված: Իհարկե, նախաքննություն է գնում, և ավելի քան վստահ եմ` նախաքննության ավարտին շատ հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Անդրադառնալով Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելուն` փաստաբանն ասաց, որ Հայաստանում իրավակիրառ պրակտիկայում, չգիտես՝ ինչու, դատական մարմինները որպես դակիչ են աշխատում, երբ միջնորդություն է ներկայացվում խափանման միջոցը կալանք ընտրելու մասին: «Սա նկատի ունեմ ոչ թե կոնկրետ այս քրեական գործով, այլ ընդհանրապես բոլոր քրեական գործերով, դուք ուշադրություն դարձրեք, հիմնականում խափանման միջոցը կալանք են տալիս: Դա խնդիր է, այն դեպքում, երբ օրենսդիրն ալտերնատիվ այլ միջոցներ է տալիս` սկսած գրավից, վերջացրած ստորագրություն և այլն»:
Նա նշեց, որ կանխատեսելի էր, որ երկու ամսով կերկարացվեր Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը: Նա դժվարացավ ասել՝ երբ կավարտվի քրեական գործի նախաքննությունը, միաժամանակ նշելով, որ կարող է միայն ենթադրել, որ դեռ մի քանի ամիս այն կտևի: Լ. Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ Արթուր Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների միջև շփում չկա: