«Իրան-Հայաստան գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018թ.». Երվանդ Զախարյան

«Նախորդ տարի արտադրող կայանների կողմից Հայաստանում թողարկվել է 7.8 մլրդ կՎտժ էլեկտրանէներգիա, ինչը 0.62%-ով ավել է 2014թ. համեմատ: Դրանից արտահանվել է 1.4մլրդ կՎտ ժամը: ՀԷՑ-ը սպառողներին առաքել է 5.5 մլրդ կՎտժ էլեկտրանէներգիա: Այն 2014թ. համեմատ ավելացել է 2%-ով: 2015թ. Հայաստան ներկրվել է 1920.9 մլն խոր. մետր բնական գազ ՌԴ-ից և 371 մլն խորանարդ մետր՝ Իրանից: Նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6.8%-ով, ինչը պայմանավորված է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ: Սպառումը նվազել է հատկապես ջերմային կայաններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար երվանդ Զախարյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանի էներգետիկ համակարգի համար 2015թ. բարդ ու դժվարին տարի էր: Ըստ նախարարի՝ ՀԷՑ-ում իրականացված աուդիտի արդյունքները հայտնի կդառնան այս տարվա փետրվար ամսին: Նա հիշեցրեց, որ ՌԴ-ի էներգետիկայի նախարարության հետ համաձայնեցված՝ նախորդ տարի ՀԷՑ-ում իրականացվեցին ուսումնասիրություններ, որոնք ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հիմնավորված էր. «Չնայած դրան, կառավարությունը ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ հետ շարունակեց էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցման տրամադրումը: Սակագների հետ կապված շարունակվում են սուբսիդիաները և կշարունակվեն մինչեւ 2016 թվականի օգոստոսի մեկը»:

Ըստ նրա՝ ՀԷՑ-ում 2015թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատում. «Դրանք կազմել են 11.1 տոկոս: Նախորդ տարի ՀԷՑ-ում կորուստները հասնում էին 12.73 տոկոսի: Դրանով է պայմանավորված, որ էլեկտաէներգիայի արտադրությունը եղել է մոտ 0.6 տոկոս: Ունենք այսօր այնտեղ լուրջ սպասելիքներ, որ մոտակա տարիների արդյունավետ կառավարման հետ կապված կունենանք ֆինանսապես կայուն և տեխնիկապես լավ համակարգ»:

Անդրադառնալով ատոմակայանի վերանորոգման խնդրին, նա նշեց, որ 2017 թվականին 3-ից 4 ամսով այն կդադարի գործել ու կտարվեն վերանորոգման աշխատանքներ, իսկ վերագործարկումից հետո, ըստ նախարարի՝ ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2027 թվականը. «100 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայան կառուցելը լուրջ խնդիրներ կառաջացնի: Խորը ուսումնասիրություներից հետո մենք եկանք այն եզրահանգման, որ ՀՀ-ում նոր բլոկ անհրաժեշտ է կառուցել 600 ՄՎտ հզորությամբ: Նոր ատոմակայանի կառուցումը ՀՀ կառավարության օրակարգային հարցն է: Եվ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե նոր ատոմակայան չի կառուցվելու»:

Նախարարը նշեց, որ Իրան-Հայաստան գծի կառուցումը նախատեսվում է ավարտել 2018թ.«Այս տարի կմեկնարկի նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցման ծրագիրը»:

Անդրադառնալով «Նաիրիտի» խնդրին, նախարարն ասաց. «Նաիրիտի ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքները Միջպետական բանկից փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այսօր տարվում են ձևակերպման աշխատանքները: Վերագործարկման հետ կապված շահագրգիռ է նաև կառավարությունը: Տարբեր կազմակերպությունների հետ տարվում են բանակցություններ, ինչ արդյունքի կհասնենք՝ ցույց կտա ժամանակը»:

Լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գազի գնի նվազեցման շուրջ ընթացող բանակցություններին ու դրանց արդյունքներին, նախարարը խուսափում էր պատասխանել՝ նշելով, որ բանակցային փուլի ավարտից հետո կպատասխանի այդ հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս