«Հայաստանն Իրան-Արևմուտք կապի ամենաազնիվ կամուրջն է». իրանցի վերլուծաբան
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մերձավոր Արևելքում նոր, դրական իրողություններ է առաջ բերելու»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Թեհրանում գործող Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Իրանի Ազադ իսլամական համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, իրանցի քաղաքական վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը:
Նա նշեց, որ Մերձավոր Արևելքում տիրող անկայունության ֆոնին պատժամիջոցների չեղարկումը փոքր-ինչ կմեղմի ստեղծված իրավիճակը` այն կայունացնելով և խաղաղեցնելով: Նրա կարծիքով` Իրան-Արևմուտք համաձայնության շնորհիվ բարձրացել է Իրանի միջազգային հեղինակությունը, ինչն էլ իր հերթին՝ բարձրացնելու է Իրանի տարածաշրջանային ու միջազգային դերն ու նշանակությունը՝ հաշվի առնելով նաև Իրանի ռեսուրսները և չիրացված հնարավորությունները: Բարզեգարի որակմամբ՝ Իրան-Արևմուտք համագործակցությունը հանգրվանային կետ է լինելու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում, քանի որ Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները լուրջ խոչընդոտ էին Իրանի լիաշունչ արտաքին քաղաքականության համար, որը պատժամիջոցներից հետո լինելու է բազմակողմանի, ինչպիսին Իրանի ներկայիս նախագահի ոճն է:
«Իհարկե, Իրանի համար առաջին տեղում իր հարևանների հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու խնդիրն է, հարևանների թվում առաջիններից Հայաստանն է, որն Իրանի համար ազնիվ գործընկեր է եղել այս տարիների ընթացքում: Իրանը վերանայելու է իր հարաբերությունները նաև այն երկրների հետ, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, լուռ կերպով դեմ էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը: Եթե հիշում եք, խոսքը Թուրքիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի մասին էր: Այս երկրների հետ հարաբերությունները ևս դրականորեն վերանայելու ցանկություն կա»,- ասաց Բարզեգարը: Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին` իրանցի վերլուծաբանն ասաց, որ հայ-իրանական հարաբերություններն ինչպես եղել են բարեկամական, այնպես էլ կշարունակվեն: Սակայն, ըստ նրա, նոր իրավիճակը թույլ է տալիս խոսել նոր ծրագրերի մասին:
«Հիմնական ծրագիրը, որից կբխեն այլ ծրագրեր, գազ արտահանելն է, որը կկապի Իրանն Արևմուտքին: Կարելի է ասել, որ սա ոչ այնքան տնտեսական զարգացմանն է ծառայելու, որքան աշխարհաքաղաքականությանը: Իրանի համար Հայաստանն ամենաբնական ու ազնիվ միջնորդն ու կամուրջն է Իրանի ու Արևմուտքի միջև»,- ասաց փորձագետը: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում կանխատեսումներին, թե Ռուսաստանը կչեզոքացնի Իրան-Արևմուտք այս ծրագրերը, ասաց, որ դրանց լուրջ չի վերաբերվում: Նրա խոսքով` Ռուսաստանի համար բանակցությունների սկզբից էլ պարզ է եղել, որ Իրանն ու Արևմուտքը մի օր գալու են համաձայնության, և Իրանն էներգակիր արտահանելու հնարավորություն է ստանալու:
«Կարծում եմ` Ռուսաստանը պատրաստ է այս նոր իրողությանը, և ավելին, փորձելու է դրան հարմարվել և ոչ թե՝ խոչընդոտել, քանի որ հնարավոր չէ անընդհատ խոչընդոտել, ուստի պետք է համագործակցության ուղիներ գտնել: Ինքս այն կարծիքին եմ, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները դրական ընթացք են ունենալու, և կողմերը շահագրգռված են ունենալ նման հարաբերություններ, դա երկուստեք ձեռնտու է: Իրան-Հայաստան հարաբերությունները ևս կօգնեն ձևավորել ճիշտ Իրան-Ռուսաստան հարաբերություններ»,- մեկնաբանեց Բարզեգարը` շարունակելով, որ առաջիկա ծրագիրը գազի արտահանումն է, որի ուղղությամբ այսօր կարծես բանակցություններ են ընթանում, որում Հայաստանը պետք է տարանցիկ երկիր լինի:
Ինչ վերաբերում է հակամարտություններում Իրանի հնարավոր մասնակցությանը, Բարզեգարն ասաց, որ որքան էլ մեծանա Իրանի դերակատարությունը տարածաշրջանում, Իրանը չի փորձելու մասնակցել հակամարտությունների կարգավորմանը: «Իրանի դիրքորոշումը չեզոք է, Իրանը դեմ է հակամարտության գոտում շարունակվող լարվածությանը, որի թուլացման ուղղությամբ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իրանն ավելի մեծ թափով, ըստ իս, կշարունակի պայքարել ծայրահեղականության դեմ»,- ասաց իրանցի վերլուծաբանը: