«Իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում մեծանալու է». իրանագետ

«Ակնհայտ է, որ Իրանը նաև պատժամիջոցների ռեժիմի տակ գտնվելու ընթացքում իր ազդեցությունը զգալիորեն մեծացրել էր Մերձավոր Արևելքում: Խոսքն իրանական ներգրավվածության մասին է թե՛ սիրիական հարցում, թե՛ Լիբանանի ներքին և արտաքին կյանքում՝ ի դեմս Հիզբալլահի , թե՛ Իրաքի տարածքում իրանական անմիջական ներկայության (ընդ որում, այդ ներկայությունը արտահայտվում է թե՛ իրանական քաղաքական ազդեցությամբ. թե՛ իրանական գաղափարական ազդեցությամբ, որը տարածվում է շիական հոգևորականության միջոցով), թե՛ Աֆղանստանում, որտեղ Իրանն ունի բավական ամուր դիրքեր, և առանց Իրանի շահերը հաշվի առնելու՝ այնտեղ գործընթացներն առաջ չեն գնում , թե՛ Արաբական թերակղզում, որտեղ գտնվում է Իրանի գլխավոր հակառակորդներից մեկը՝ Սաուդյան Արաբիան»,- այսօրվա ասուլիսին նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նշեց, որ Իրանի նկատմամբ հանվել են այն պատժամիջոցները, որոնք վերաբերում էին բացառապես Իրանի միջուկային ծրագրին. «Մյուս բոլոր պատժամիջոցները, որոնք մասնավորապես ԱՄՆ-ը կիրարկել է Իրանի նկատմամբ իսլամական հեղափոխությունից ի վեր, մնում են դեռևս ուժի մեջ: Դրանք են՝ Իրանի հրթիռային ծրագիրը, որի վերաբերյալ լրացուցիչ պատժամիջոցներ էլ ավելացվեցին, և Իրանի՝ որպես ահաբեկչությունը հովանավորող երկրի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, մի ձևակերպում, որը գալիս է Իրանի «դիվականացման» դարաշրջանից, որովհետև ակնհայտ է, որ այն երկրները տարածաշրջանում, որոնք հանդիսանում են ԱՄՆ դաշնակիցները (նաև ինչո՞ւ չէ, ՆԱՏՕ-ի շրջանակներում), օրինակ՝ Թուրքիան, ավելի մեծ չափով են հովանավորում միջազգային ահաբեկչությանը, կամ հովանավորում են ավելի ծայրահեղական խմբավորումների, քան, դիցուք, Իրանն է, որն ակնհայտորեն հովանավորում է բացառապես շիայական խմբավորումներին»:

Ըստ իրանագետի՝ վերանում են բացառապես այն պատժամիջոցները, որոնք վերաբերում էին բանկային համակարգին, նավթագազային հատվածին, երկրի ներսում ներդրումների խնդրին, և որոնք կիրարկվել էին զանազան փուլերով Իրանի միջուկային ծրագրի շրջանակներում. «Եթե հաշվի առնելու լինենք, որ Իրանը ստանում է նաև լրացուցիչ տնտեսական հնարավորություններ այս ամբողջ գործընթացների արդյունքում, ապա ակնհայտ է, որ իրանական ազդեցությունը Մերձավոր Արևելքում մեծանալու է, իսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանին անմիջականորեն հարում է Հարավային Կովկասը, որն Իրանի համար ունի երկրորդ տեղի նշանակություն, ընդհանրապես, նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ: Իսկ Հարավային Կովկասում էլ գտնվում է ՀՀ-ն, ու բնական է, որ երկիրը, որի հետ մենք պահպանել ենք բարեկամական հարաբերություններ, դա չի մոռանում: Իրանցիները հենց Վիեննայում կայացած համաձայնությունից հետո առաջին ուղղություններից մեկը, որի վրա սկսեցին աշխատել, Հայաստանի Հանրապետություն հետ կապերի ընդլայնումն էր:

Հայաստանն ու Իրանը ոչ միայն համագործակցության եզրեր գտան, այլև սկսեցին նպաստել նոր ձևաչափի ձևավորմանը, խոսքը Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության ձևաչափի մասին է՝ էլեկտրաէներգիայի միջանցք ստեղծելու վերաբերյալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս