Որքան ժամանակ անց կարող են կրկին վարակվել խոզի գրիպով

Կիրակի օրը H1N1 վարակով հիվանդ ևս երկու մարդ է մահացել: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանք ուշացած են ընդունվել հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ երկկողմանի թոքաբորբով: Պատասխանելով 168.am-ի հարցին, թե մեկ անգամ H1N1-ով վարակվելու դեպքում անձի մոտ որքա՞ն ժամանակով է իմունիտետ ձևավորվում, նա կարո՞ղ է կրկին վարակվել, ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց.

«Կոնկրետ H1N1-ով, ընդհանրապես սեզոնային գրիպի ցանկացած ենթատեսակով կամ տեսակով վարակելու դեպքում իմունիտետը մեկ տարուց ավել չի տևում, քանի որ այդ վիրուսներն անընդհատ փոփոխական են, ու նրանք նորից հեշտությամբ վարակվում են փոփոխված վիրուսներով: Այդ նույն սկզբունքն էլ ընկած է սեզոնային գրիպի պատվաստումների ազդեցության ներքո: Քանի որ վիրուսներն անընդհատ փոփոխվում են, պատվաստումից հետո իմունիտետը մեկ տարի է, մեկ տարուց ավելի չի լինում»:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ժամանակը որոշ դեպքերում կախված է օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև նրանից, թե գրիպի տվյալ ենթատեսակն ինչ փոփոխության է ենթարկվել, նվազագույն ժամանակամիջոց սահմանված է 1 տարի: Գ. Սահակյանն ասաց, որ այսօր առկա սեզոնային գրիպի պատվաստանյութերի արդյունավետությունն ու անվտանգությունն ապացուցվել է նույնիսկ հղիների համար. «Եվ այսօր շատ երկրներում՝ որպես ռիսկի խումբ, առաջնահերթությունը տրվում է հենց հղիներին: Եվ հղիներին երկրորդ եռամսյակից սկսած սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ են առաջարկվում»:

Նա նշեց, որ հակացուցումների շարքում են այն դեպքերը, երբ անձի մոտ կա հիվանդության, այդ թվում, քրոնիկական հիվանդությունների սրացում. նրանց այդ պահին պատվաստում չի կատարվում:

Ընդհանրապես չեն պատվաստվում այն մարդիկ, ովքեր հավի ձվի սպիտակուցի նկատմամբ ալերգիա ունեն. «Ինչպես տեսնում եք հակացուցումները շատ-շատ սեղմված են, և ցանկացած մարդ կարող է պատվաստվել, եթե նշածս դեպքերի մեջ չի տեղավորվում»: Գ. Սահակյանն ասաց, որ պոլիկլինիկաներում պատվաստանյութն առկա է, տրվում է անվճար. «Այստեղ մի բայց կա, որովհետև քանակությունն այնքան մեծ չէ: Դարձյալ պետք է նշեմ՝ առաջնահերթությունը տրվում է քրոնիկ հիվանդներին, այն մարդկանց, ում հիվանդանալուց հետո ավելի ծանր բարդություններ կլինի, ավելի ծանր կլինիկական ընթացքով կընթանա: Այդ պատճառով պոլիկլինիկաներն առաջնահերթությունը տալիս են քրոնիկ հիվանդներին, հղիներին և հետո միայն առողջ բնակչությանը»:

Տեսանյութեր

Լրահոս