Ըստ հաղորդման՝ ոստիկանության ծառայողները անցել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Սարգիս Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին հիշյալ բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության նույն բաժին, որտեղ իր բաճկոնի գրպանն են գցել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն ծառայողների կողմից հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սարգիս Հ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: