«Եթե զենքը կիրառվում է մասսայական վայրերում և օրենքից դուրս, ապա դա կարելի է դիտել՝ որպես ահաբեկչություն». քաղաքագետը՝ «Նոր Հայաստանի» հայտարարության մասին
«Ամեն մարդ ունի պաշտպանվելու իրավունք, բայց հաշվի առնելով մեր ազգի մենթալիտետը՝ այդ զենքի իրավունքով պաշտպանվելը կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի ու մեր բնակչության համար»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրենց որոշ ներկայացուցիչների և աջակիցների նկատմամբ անհայտ անձանց կողմից տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաև՝ Գևորգ Սաֆարյանի կալանավորման կապակցությամբ «Քաղաքացիները ստիպված են լինելու դիմել ինքնապաշտպանության» վերտառությամբ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.
«Այս ամենից հետևում է, որ պետությունը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, այլև որոշակի դեպքերում իր ներկայացուցիչների ձեռքով մասնակցում է նրանց դեմ կատարվող ոտնձգություններին և/կամ հովանավորում է այդ ոտնձգությունները կատարողներին:
Նման իրավիճակում կարող է լինել երկու դրական ելք:
Առաջին՝ պետությունն ի վերջո ստանձնում է օրենքի իշխանությամբ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու իր հիմնական գործառույթը և, առաջին հերթին՝ ոստիկանության միջոցով, պատասխանատվության է ենթարկում քաղաքացիների դեմ ոտնձգություններ կատարած ոստիկաններին և քայլեր է ձեռնարկում հանցագործներին բացահայտելու ու պատժելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտոնապես երաշխավորում է Ազատության հրապարակում և այլուր սահմանադրական հանրաքվեի կեղծիքների դեմ բողոքող ակտիվ քաղաքացիների կյանքի ու առողջության անձեռնմխելիությունը:
Երկրորդ՝ եթե պետությունն ի վիճակի չէ կատարելու իր այդ հիմնական գործառույթը, ապա առնվազն չի խոչընդոտում տվյալ քաղաքացիների կողմից բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ զենքով, մարդու հիմնարար իրավունքների (առաջին հերթին՝ կյանքի իրավունք, ապա նաև՝ առողջության, խոշտանգումից կամ անմարդկային վերաբերմունքից կամ նվաստացնող/նսեմացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունքներ) ինքնապաշտպանությանը»:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի հարյուր մարդ կարող է ինքնապաշտպանվելու պատրվակով ոչնչացնել իր թշնամիներին: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ, որտեղ զենքի կիրառումն ինքնապաշտպանվելու համար օրինականացված է, ու դա ունի արդեն միքանիդարյա պատմություն: Ես կտրականապես դեմ եմ, որ ՀՀ-ում որևիցե մեկն իրավունք ունենա զենք կիրառել հասարակական վայրերում: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը մեկին ապտակի, նա էլ ինքնապաշտպանության համար հանի ու կրակի, մեզ մոտ 99 տոկոսն այդպես կվարվեն, չի կարելի, մենք այդ ազգը չենք, մեզ մոտ հասարակությունը բևեռացված է, հասարակության մոտ նյարդային խնդիրները շատ ծայրահեղ դրսևորումներ ունեն»,- նշեց Գ. Համբարյանը:
Անդրադառնալով Ազատության հրապարակում հունվարի 1-ին տեղի ունեցած դեպքերին՝ քաղաքագետը նշեց, որ ինքն էլ էր դեմ, որպեսզի ակտիվիստներն այնտեղ տոնածառ տեղադրեին.
«Կան բաներ, որ չի կարելի. դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մարդ, որտեղ ուզենա` իր տոնածառը դնի ու ասի՝ ես այստեղ ուզում եմ Ամանոր նշել, դա նորմալ չէ: Ասենք, ես էլ վերցնեմ իմ տոնածառը, գնամ Գյումրիի Ռիժկովի փողոցի կենտրոնում նստեմ և ասեմ՝ ես այստեղ ուզում եմ Ամանոր անեմ, դա ի՞նչ նորություն է»:
Քաղաքագետը, սակայն, հունվարի 1-ին և դրան հաջորդած դեպքերի ժամանակ Ոստիկանության գործողությունները նույնպես նորմալ չի համարում.
«Ոստիկանությունը բավական կոպիտ է արձագանքում, դա էլ նորմալ չէ: Այդ աղջկան ծեծի ենթարկելու դեպքը Ոստիկանությունն ի վիճակի է բացահայտելու, որովհետև ամբողջ Երևանը տեսախցիկներով պատված է, և շատ հեշտ է տեսնել՝ ով է այդ ամենը արել: Եթե այդ աղջկա ծեծի դեպքը չբացահայտվի, ապա դա նշանակում է՝ իշխանությունները շահագրգռվածություն ունեն, որպեսզի այդ դեպքը չբացահայտվի»:
Մեր այն հարցին, թե եթե «Նոր Հայաստանի» անդամները, այնուամենայնիվ, զենքով գնան Ազատության հրապարակ և այդպես փորձեն ինքնապաշտպանվել Ոստիկանությունից, դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.
«Այդ ժամանակ արդեն իշխանությունները ստիպված կլինեն օրենքի շրջանակում գործել, և այդ ընթացքում ոչ ոք արդեն չի կարող իշխանություններին մեղադրել: Շատ հաճախ, եթե զենքը կիրառվում է մասսայական վայրերում և օրենքից դուրս, ապա դա կարելի է դիտել՝ որպես ահաբեկչություն՝ դրա բոլոր հետևանքներով, ու ես լիովին կողմ կլինեմ, որ նման գործողություններ կազմակերպողները պատժվեն շատ խիստ»:
Հարցին էլ՝ համաձա՞յն եք ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն դիտարկման հետ, որ նման կոչ անողները պետք է մեկուսացվեն հասարակությունից, քաղաքագետն այսպես արձագանքեց.
«Ես չեմ ասում, որ պետք է մեկուսացվեն, եթե նման կոչ անողները սկսեն գործել, այդ ժամանակ արդեն նրանք պետք է մեկուսացվեն ու շատ խիստ պատժվեն»: