Բաժիններ՝

750 դոլար վճարելով` առաջադրանք է տվել ծառայության ընդունվել Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել «Սկայպի» կամ «Օդնոկլասսնիկիի» միջոցով. 4 անձ հօգուտ Ադրբեջանի՞ է գործել

Ավարտվել է նախապատրաստվող պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին, ով 2015թ. դեկտեմբերի 30-ին այն վարույթ է ընդունել:

Ռաֆիկ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա՝ բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ»:

Կարինե Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա՝ բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից, ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 դոլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել»:

Սերգեյ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պ.-ի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ, վճարելով 750 դոլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «Սկայպ» ծրագրի կամ «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Դիանա Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղ.-ից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղ.-ից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղ.-ին հավաքագրելու, ինչպես նաև Կարինե Ղ.-ի որդուն` Տիգրան Կ.-ին հավաքագրելու նախապատրաստության, այն է՝ նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գ.-ն այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին»:
Ամբաստանյալներից երկուսը Վանաձորում են գրանցված, մյուս երկուսը` համապատասխանաբար՝ Կապանում և Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս