«Անցյալ տարվա իրադարձություններից մի քանիսն ինձ ստիպեցին ի վերջո «մեծանալ». մոդել Աննա Դեմիրխանյան
Հետտոնական տպավորություններից և անցյալ տարվա «գլխավոր դասերի» մասին զրուցեցինք նաև անցյալ տարի Հայաստանը միջազգային «Միսիս Գլոբ 2015» գեղեցկության մրցույթին ներկայացնող մոդել Աննա Դեմիրխանյանի հետ:
«Անցյալ տարվա իրադարձություններից մի քանիսը ստիպեցին ինձ ի վերջո «մեծանալ»: Հոգու խորքում ես դեռևս երեխա եմ: Սակայն, շնորհիվ անցյալ տարվա որոշ իրադարձությունների, սովորեցի կարևորագույն հարցերում շատ արագ կողմնորոշվել: Դա այն դեպքերից էր, երբ մարդը, ով քեզ համար թանկ էր, հանկարծ դավաճանում է քեզ: Եվ դու դժվարությամբ, բայց, ի վերջո, ջնջում ես նրան քո կյանքից:
Նմանատիպ ցավոտ որոշումներ կայացնելով՝ մենք հասունանում ենք: Անցյալ տարուց ես կվերցնեմ հետևյալ կարգախոսը. «Թողեք անցյալում դավաճաններին և ուրացողներին: Ինձ համար թանկ է կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը: Ես ոչինչ չեմ ուզում մոռանալ: Հաճելի պահերը երջանկություն են պարգևել, իսկ տհաճ պահերից դասեր եմ քաղել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Աննան:
Անդրադառնալով այս տարվա պլաններին՝ Աննան ասաց. «Ապագայի պլանների հետ կապված անելիքներ շատ ունեմ, օրինակ, ինչո՞ւ ոչ, երկրորդ երեխան ունենալ, կարդալ նախատեսված 50 գրքերը, այցելել Իտալիա, մեքենա վարել սովորել և ստանալ վարորդական իրավունք»:
Հարցին, թե ո՞ր տարիքում է դադարել հավատալ Ձմեռ պապի գոյությանը, Աննան պատասխանեց.
«Ես չափազանց հետաքրքրասեր երեխա եմ եղել: 5 տարեկան էի, երբ իմացա, որ Ձմեռ պապ չկա: Դռան արանքից տեսա, թե ինչպես է մայրիկս արագ-արագ ինչ-որ բան կարում կարմիր կտորից: Իսկ հետո այդ նույն կտորից տիկնիկիս համար կարված զգեստը գտա տոնածառի տակ: Ես, բնականաբար, ձևացրեցի, թե ոչինչ չգիտեմ. չէի ուզում մայրիկիս տրամադրությունը գցել: Նա այդքան ջանք էր թափել ինձ ուրախացնելու համար»:
Հարցին, թե որքա՞ն գումար է ծախսել Նոր տարին նշելու համար, Աննան պատասխանեց.
«Տոնական գնումների համար մշտապես ծախսել եմ այնքան գումար, որքան անհրաժեշտ է՝ մինչև վերջին լուման: Կարծում եմ, որ այդքան էլ կարևոր չէ, թե ինչ կլինի տոնական սեղանին, որքան կարևոր է, թե ո՞ւմ հետ և ի՞նչ միջավայրում կդիմավորեք Ամանորը: Իմ ամանորյա սեղանը զարդարված էր տոնի բոլոր կանոններով: Ես սիրում եմ Նոր տարին և սիրում եմ պատրաստվել տոնին: Իմ տոնական սեղանին ամեն ինչ «թեմայի» մեջ էր: Իսկ թեման Կարմիր կապիկն է: Իսկ ի՞նչ է սիրում կապիկը: Տրոպիկական մրգեր և փայլ: Այսինքն` շատ մոմեր և կրակ»: