«Սաուդյան Արաբիայում ստեղծված կոալիցիայի ուղղակի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանն աղետալի հետևանքներ կունենա». արաբագետ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ ամփոփելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ խոսելով սիրիական ճգնաժամի մասին, ասաց, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածն ավելի մշուշոտ էր, քան հիմա, որովհետև ըստ նրա՝ ի տարբերություն անցյալ տարեվերջի՝ հիմա որոշակի ակտիվ գործընթացներ կան.

«Խոսքը ոչ միայն ռազմական հարթության մասին է, այլ նաև քաղաքական: Երկու կոալիցիա ակտիվորեն պայքարում է Սիրիայի տարածքում ԻՊ և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ, անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասշտաբով ընդունվեց բանաձև, որը նշում է այն բոլոր ուղենիշերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի սիրիական հակամարտությունը:

Սա ձևականորեն հիմքեր է տալիս, որ քաղաքական հարթությունում հնարավոր է խնդրի կարգավորման որոշակի ձևաչափ, սակայն քաղաքական հարթությունում կողմերը կհասնեն հաջողությունների միայն այն դեպքում, երբ նրանց միջև առկա հակասությունների շուրջ համաձայնության գան: Խոսքը Բաշար ալ Ասադի ճակատագրի մասին է: Եթե այս բանաձևում և բանակցությունների առաջիկա փուլում Բաշար Ասադի անձի և առհասարակ նրա հետագա գործունեության մասին որևէ մեջբերում կամ քննարկում չկա, ապա չի բացառվում, որ նույն փաստաթղթով նշվող 18 ամսվա այդ գործընթացի մի փուլում այս խնդիրն արդեն դառնա օրակարգային, և բոլոր ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները հօդս ցնդեն»:

Արաբագետը կարևորեց նաև այս ամսվա կեսերին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ շուրջ 34 մուսուլմանական երկրներից բաղկացած հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը.

«Դրա գործառույթներից մեկը մուսուլմանական երկրներում ահաբեկչության դեմ պայքարի իրականացումն է: Այսինքն՝ այդ կառույցը ստեղծվել է ու ինքն իրեն տվել այդ գործառույթը, և չի բացառվում, որ սիրիական հակամարտության որևէ փուլում այս կառույցը ցամաքային գործողություններ իրականացնի»:

Ըստ Ա. Պետրոսյանի՝ այս կառույցի ստեղծումը սպասելի էր, «քանի որ մինչ այս ԱՄՆ-ը մշտապես հայտարարում էր, որ ցամաքային գործողությունների Արևմուտքը չի գնա, և ցանկալի կլինի, որպեսզի այդ գործողություններն իրականացվեն մուսուլմանական երկրների բանակների կողմից»:

Նա նկատեց՝ 2016թ. եթե կողմերը բանակցային սեղանի շուրջ չգան համաձայնության, ապա չի բացառվում այս կոալիցիայի ուղղակի ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, որը, ըստ նրա՝ աղետալի հետևանքներ կունենա:

Տեսանյութեր

Լրահոս