Բաժիններ՝

«Խայտառակություն». Դավութօղլուն Մոսկվա այցելած Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշին մեղադրել է դավաճանության մեջ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան այցելած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշի արարքն ու հայտարարությունը որակել է որպես «խայտառակություն» ու «դավաճանություն», հայտնում է BBC-ն:

Նախօրեին Դեմիրթաշն իր բացասական վերաբերմունքն էր հայտնել ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու հրաման տված Անկարայի հրամանի նկատմամբ:

«Նրանում, ինչ տեղի է ունեցել «Սու-24»-ի հետ, թուրք ժողովրդի մեղքը չկա, դա որոշում է, որը կայացրել է երկրի ղեկավարությունը»,- հայտարարել է Դեմիրթաշը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Լավրովն ու Դեմիրթաշը քննարկել էին Ռուսաստանի ու թուրքական ընդդիմության համագործակցության հարցերը, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող էթնիկ քրդերի հետ կապված խնդիրներ:

Ռուսաստանի ու Թուրքիայի լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիայի ընդդիմության պատվիրակության այցը Ռուսաստան սուր քննադատության է արժանացել Անկարայի կողմից:

«Ինչո՞ւ են նրանք գնում այս ժամանակ»,- վրդովվել էր Դավութօղլուն, երբ լսել էր Դեմիթաշի՝ Մոսկվա գնալու պլանների մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել էր տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավարն ու ԺԴԿ-HDP համանախագահը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս