Բաժիններ՝

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր պատժամիջոցների մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է Ադրբեջանի Միլի մեջլիսում «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի ղեկավար, Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության կոմիտեի նախագահի տեղակալ Ռովշան Ռզաևի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ պետծառայողների, ամերիկյան ընկերությունների, կոնգրեսականների, սենատորների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև հայկական համայնքի ու լոբբիստական խմբերի օգնությամբ ընտրված անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan գործակալությունը:

«Մենք դեռ չենք տեսել այդ օրինագիծը, սակայն միշտ պատրաստ ենք խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ: Ոչ մի երկիր կատարյալ չէ: Մարդու իրավունքների և ժողովրդավարության ապահովումն ու երաշխավորումը պահանջում են մշտական երկխոսություն ու վերլուծություն: Հանուն երկու երկրների բարօրության՝ մենք պատրաստ ենք անկեղծ երկխոսության»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության պատասխանում, որին հարցում էր ուղարկել գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրինագծում նշվում է, որ անկախության տարիներին Ադրբեջանը բախվել է երկակի ստանդարտների, որոնք ցուցաբերել են տարբեր ժամանակներում աշխարհի տարբեր կառույցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը: Նշվում է, որ այդ կառույցներն ու մի շարք պետություններ փորձում են իրենց ազդեցության ոլորտում պահել նաև Ադրբեջանին ու միջամտել նրա ներքին ու արտաքին քաղաքականությանը տարբեր եղանակներով: Այդ եղանակներից մեկը կանխակալ ու միակողմանի դիրքորոշում որդեգրելն է այն հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը՝ Ադրբեջանին պահելով մշտական ճնշման տակ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ անձամբ ԱՄՆ-ը, որը պարբերաբար հաշվետվություններ է նախապատրաստում՝ կապված աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակի հետ, ցանկացած եղանակով խուսափում է միանալ մարդու իրավունքների մասին միջազգային հիմնական համաձայնագրերին: Օրինագծում նաև նշվում է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում զգալի ուժեղացել են ռասայական ու կրոնական խտրականությունը, քսենոֆոբիայի ու իսլամատյացության դրսևորումները:

Նախագիծն առաջարկվում է կասեցնել բոլոր կապերն ամերիկյան ընկերությունների հետ, հրաժարվել նոր առևտրատնտեսական կապեր հաստատելուց: Կոչ է արվում սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբից ԱՄՆ համանախագահին հետ կանչելու գործընթաց:

Առաջարկվում է նախագծով նախատեսված պատժամիջոցները վերացնելու 4 կետ, որոնցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում միասնական դիրքորոշում արտահայտելուն ու Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն, ԼՂ-ի իշխանությունների հետ կապերի դադարեցմանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս