Վրաստանում սպասում են երկրի վարչապետի հրաժարականին
Այսօր առավոտից վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրներին, տեղեկություն են տարածում այն մասին, թե սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը տվյալ տեղեկությունը չի հաստատել, սակայն հայտնել է, թե դա չի նշանակում, թե տեղեկությունն անհիմն է:
Ընդ որում՝ Վրաստանի խորհրդարանի պատգմավոր Գեորգի Վոլսկին հաստատել է, թե քննարկումներ են ընթանում Վրաստանի վարչապետի հնարավոր հրաժարականի մասին: «Այդ հարցը քննարկվում է, սակայն մենք չպետք է անենք հապճեպ հայտարարություններ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, մեկ այլ պատգամավոր՝ Զվիադ Ձիձուգուրին, հերքել է տվյալ տեղեկությունը: «Կոալիցիայի խորհուրդը նման տեղեկություն չունի: Դադարեցրեք լուրեր տարածելն ու զբաղվեք գործով»,- ասել է վրացի խորհրդարանականը:
Ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: