Ի՞նչ է սպասվում վարորդներին օրենսդրական փոփոխություններից հետո
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին խոսեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների մասին, որով նախատեսվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության որոշ տուգանքների չափերը:
Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, հավանություն են տալիս այս փոփոխություններին, որովհետև ըստ նրա՝ հիմնականում բարելավվում է վարորդների վիճակը: Բայց նա նաև նշեց, որ տաքսի սերվիսների սեփականատերերը խնդիրներ կունենան. «32-րդ հոդվածը մի քիչ ի վնաս տաքսի սերվիսների տնօրենների է. նախկինում, եթե օրենքը հստակ չէր ասում, թե ով է կրելու պատասխանատվությունը, երբ վարորդն անվերջ խախտումներ է անում ու չի վճարում, հիմա վճարելու է սեփականատերը կամ անհատ ձեռներեցը: Սեփականատերերը հիմա խնդիր կունենան՝ վարորդ հավաքելու հետ կապված»:
Է. Հովհաննիսյանի խոսքով՝ եթե 123-րդ հոդվածը նախատեսում էր տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների դեպքում անմիջապես տուգանել վարորդին, հիմա վարորդին հնարավորություն է տրվում տեղում վերացնել այդ անսարքությունը. «Եթե անգամ չի կարողանում դա տեղում վերացնել, ապա իրեն տրվում է որոշ ժամանակ՝ մինչև արձանագրություն կազմելը, կամ՝ տեսուչը տեղում արձանագրություն կկազմի, բայց եթե վարորդը 24 ժամվա մեջ կբերի-կներկայացնի, որ խախտումը վերացրել է, որոշումն արդեն չի կայացվի:
Նման 4 հոդված կա: 123.4-ը վերաբերում է տրանսպորտային միջոցների լուսաթափանցելիությանը: Այդ հոդվածից հանեցին կողային ապակիների լուսաթափանցելիության հարցը, այսինքն՝ դրանք կարելի է մգացնել: Մենք ասել ու ասում ենք, որ կողային ապակիները ևս նույն անվտանգությունն են ապահովում, ինչ առջևի ապակին: Մենք այստեղ ուրիշ խնդիր ենք տեսնում՝ կողային ապակիների մգեցվածությունը նրա համար են երևի թողել, որ վարորդի դեմքը չերևա: Այսինքն՝ պաշտոնյաները և այլն չերևան»:
Բացասական նա համարում է այն, որ առանց հաշվառման համարանիշի կեղծված կամ փոխված համարանիշերով տրանսպորտային միջոցը վարելը 200 հազար դրամ տուգանվում է, իսկ երկրորդ անգամ՝ 400 հազար դրամ:
Ըստ բանախոսի՝ վարորդի ոչ սթափ վիճակի հարցը շատ կարևոր է. «Այսօր ալկոհոլի չափումն իրականացվում է պրոմիլեի կամ միլիգրամի միջոցով. պրոմիլեի 0.4-ը հավասար է 0.2 միլիգրամի: Ստուգողները դա շատ լավ գիտեն ու կարող են գրել՝ 0.28 միլիգրամ, ու վարորդին տուգանել: Ոչ մի փոփոխություն չի արվել այս հարցում, պետք է կառավարության որոշումը հստակեցնել ու հեռացնել միլիգրամ հասկացությունն ու թողնել պրոմիլեն»:
Նա նշեց, որ իրենց առաջարկներից չի ընդունվել այն, որ արձանագրությունը պետք է կազմվի երկու օրինակով. «Մեկը մնա տեսուչի մոտ, մյուսը՝ վարորդի, որ վարորդը հետո ապացույց ունենա»: