«Ամուսնություն ճաղերից այն կողմ»
Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ վրաց ռեժիսոր Թինատին Կաջրիշվիլիի՝ «Ամուսնություն ճաղերից այն կողմ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի պրեմիերայի օրը մուտքն ազատ էր, սակայն, ցավոք, անգամ այդ հանգամանքը չօգնեց «լցնել» դահլիճը: Ցավոք, քանի որ ֆիլմն իրապես արժեր դիտել: Ֆիլմն այնքան լի էր ասելիքով և ազդեցիկ՝ իր հոգեբանական նուրբ լուծումներով, որ դիտման ավարտից հետո հանդիսատեսը դեռ երկար չէր ցանկանում լքել դահլիճը: 2014-ից ի վեր ֆիլմը հասցրել է արժանանալ բազում մրցանակների տարբեր միջազգային կինոփառատոներում, այդ թվում նաև՝ 2014թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնին՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: «Ամուսնություն ճաղերից այն կողմ» ֆիլմը վրաց ռեժիսորի դեբյուտային աշխատանքն է՝ հիմնված իր իսկ կյանքի դառը պատմության վրա:
Ֆիլմից տեղեկանում ենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարն ու անհանդուրժողականությունը սարսափելի կողմեր ևս ուներ: Նրա «սրի» տակ էր ընկնում նաև պատահաբար հարևանի կովը սեփական գոմ բերած գյուղացին, կամ՝ հեծանիվն առանց տիրոջը հարցնելու վարելու փորձ կատարողը: Ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը նմանատիպ իր պատմությունն էր ներկայացնում՝ հիմնված իրական փաստերի վրա:
Սահակաշվիլիի կողմից հռչակված «Հանցագործության հանդեպ՝ զրոյական հանդուրժողականություն» ծրագրի պատճառով մարդիկ երկար տարիներով ազատազրկվում էին: Օրինակ՝ 14 տարի ազատազրկում՝ հեծանիվ գողանալու համար, 10 տարի՝ կով գողանալու համար, 6 տարի՝ մարիխուանա ծխելու համար… 10 տարի ազատազրկման է ենթարկվել նաև «Ամուսնություն ճաղերից այն կողմ»
ֆիլմի հերոսուհու, այսինքն՝ ռեժիսորի ամուսինը:
Իրականում նա հերոսուհու ամուսինն է դառնում միայն կալանավայրում՝ ճաղերից այն կողմ: Հերոսուհին իր երկու երեխաների հոր՝ քաղաքացիական ամուսնու հետ օրինական ամուսնանալու որոշում է կայացնում, քանի որ դա էր ամուսնուն հաճախակի տեսնելու միակ տարբերակը: Ֆիլմի հերոսուհու պես՝ 18-75 տարեկան մի քանի կանայք ևս որոշում են ամուսնանալ կալանավայրերում գտնվող իրենց քաղաքացիական ամուսինների հետ… Ֆիլմի հերոսուհու կյանքն անցնում է՝ այցից այց կալանավայր…
Կալանավայրում գտնվող տղամարդու և ազատության մեջ «ապրող» կնոջ հոգեբանական ապրումների մասին պատմող այս ֆիլմը ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան թանկ է ազատությունը, որ մարդը հոգեբանորեն «դեֆորմացվում» է անազատության մեջ և ժամանակի ընթացքում մեծ դժվարությամբ է պատկերացնում այն իրականությունը, որը գտնվում է ճաղերից այն կողմ…
Ֆիլմը Հայաստան էր բերել պրոդյուսեր Սերգեյ Նազարովը, ով մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ նպատակ է հետապնդում ԱՊՀ երկրների հանդիսատեսին ծանոթացնելու՝ տարածաշրջանի երկրներում ստեղծվող նմանատիպ, որակյալ ֆիլմերի հետ: Նա նշեց նաև, որ ֆիլմի երևանյան պրեմիերային պետք է ներկա լիներ նաև ֆիլմի ռեժիսորը, սակայն վերջինս չկարողացավ գալ, քանի որ նկարահանումների էր:
Հիշեցնենք, որ Ս. Նազարովը ժամանակին Ռուսաստան էր տարել ռեժիսոր Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմը: