ՌԴ-ի ավիահարվածները Սիրիայում խլել են նվազագույնը 200 խաղաղ բնակչի կյանք. Amnesty
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածները սեպտեմբերի վերջից խլել են նվազագույնը 200 խաղաղ բնակչի կյանք ու հանգեցրել զանգվածային ու չարդարացված ավերումների, ասվում է իրավապաշտպան Amnesty International կազմակերպության զեկույցում, տեղեկացնում է BBC-ն:
Հաշվետվությունը հիմնված է 16 ականատեսների ու բժիշկների հետ հարցազրույցների, ինչպես նաև իրավապաշտպան խմբերի հետ զրույցների վրա:
Amnesty International-ն անալիզի է ենթարկել ռուսական ռազմաօդային ուժերի ավիահարվածները, որոնք հասցվել են սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Հոմսում, Համայում, Իդլիբում, Լաթաքիայում ու Հալեպում:
Amnesty International-ն առանձնացնում է 6 ավիահարված, որոնք հանգեցրել են տասնյակ խաղաղ զոհերի, թեև մոտակայքում չի եղել ոչ մի ակնհայտ ռազմական թիրախ:
Մասնավորապես, ավիահարվածներ են հասցվել բնակելի տների, հիվանդանոցի, շուկայի, մզկիթի:
Տվյալները վկայում են, որ Ռուսաստանը իրականացրել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ, կարծում են Amnesty-ում:
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել մեղադրանքները, որ ներկայացված են իրավապաշտպանների զեկույցում: