Փոխհամաձայնություն Բրիտանիայի հետ հնարավոր է. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հնարավոր փոխհամաձայնության գալը Եվրամիության վերակազմավորման հարցի շուրջ: Այս մասին Մերկելը հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով, հայտնում է DW-ն:
«Բարի կամքի առկայության դեպքում հնարավոր է գտնել ոսկե միջինը, որը կարող է բավարարել տարբեր ցանկություններ»,- ասել է նա՝ նշելով, որ արդյունքը հնարավոր է տեսնել արդեն 2016թ. փետրվարյան հանդիպման ժամանակ:
Միաժամանակ, Մերկելը խոստովանել է, որ Լոնդոնի պահանջները կատարելը հեշտ չի լինի: «Մենք պարզ հասկացրեցինք, որ պատրաստ ենք փոխզիջումների, սակայն եվրոպական հիմնարար սկզբունքների պայմաններին հետևելու դեպքում, ներառյալ՝ խտրականության բացակայություն ազատ տեղաշարժման դեպքում»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելի խոսքով՝ եվրոպական համաձայնագրերում փոփոխություններ հնարավոր են, սակայն «ոչ հիմա»:
Անձամբ Քեմերոնը հայտարարել է, որ տեսել է «արահետ» ԵՄ-ում իր առաջարկած բարեփոխումների իրականացման գործում: