Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները կմասնատվե՞ն

Այո, եթե հավատանք մեր պաշտոնյաներին` Սահմանադրության ընդունումից հետո այդպես էլ լինելու է։ Ճիշտ է, դա չի լինի մեկ ամսից կամ մեկ տարուց. դեռ հարկավոր է օրենսդրությունը կարգի բերել, մեխանիզմներ մշակել և այլն, իսկ դա ժամանակ է պահանջում։ Սակայն, որ դա մի օր տեղի կունենա` հաստատ է։ Եթե, իհարկե… Քանի որ եթեները շատ են, ամեն ինչ սկսենք հերթով։

Խոսքը վերաբերում է մրցակցության և մենաշնորհների կարգավորմանը, որին անդրադառնում է Սահմանադրությունը։

Մեդիա-կենտրոնում երեկ քննարկման էինք հրավիրված ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Թեման այն մասին էր, թե նոր Սահմանադրությունն ինչպես կարող է ազդել մրցակցային միջավայրի և մենաշնորհների վրա։ Ըստ Վարդան Այվազյանի` միանշանակ սա դրական է ազդելու, որովհետև իր և իր գործընկերների ջանքերով` համապատասխան հոդվածում ավելացվել է կետ, որն ազդեցության լրացուցիչ լծակներ է ապահովելու` մենաշնորհների կարգավորման համար։

Ո՞րն է այդ կախարդական հոդվածը։ Դա նոր Սահմանադրության 59-րդ հոդվածն է։

Հոդված 59.
Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով։

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով։

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են։
Քննարկման ընթացքում պրն Այվազյանն ընդգծում էր հատկապես երկրորդ կետը` մրցակցության սահմանափակման և մենաշնորհների հնարավոր տեսակների մասին։ «Հզոր կետը» հենց սա էր։ ՀՀԿ-ական պատգամավորի հիմնական ասելիքը հետևյալն էր` գործող Սահմանադրությունն ու օրենքներն արգելում են միայն գերիշխող դիրքի չարաշահումը, իսկ նոր Սահմանադրության այս դրույթը թույլ կտա հստակ սահմանել` բիզնեսներից որը կարելի է համարել մենաշնորհային, որը` ոչ։

Իսկ հետո որոշել` թույլատրե՞լ այդ մենաշնորհը (հանուն հանրային շահի), թե՞ ոչ։
Մենք հարց ուղղեցինք պրն Այվազյանին` ենթադրենք` չափորոշիչներն ընդունվում են, և ըստ այդ չափորոշիչների` պարզվում է, որ իր գործընկեր Սամվել Ալեքսանյանի շաքարավազի բիզնեսը մենաշնորհային է։ Ավելին, որոշում է ընդունվում, որ շաքարավազի շուկայում մենաշնորհային վիճակը հանրության շահերից չի բխում։ Այդ դեպքում ի՞նչ են անելու այդ ընկերության հետ։

«ԱՄՆ-ում ի՞նչ են անում` Microsoft-ին ի՞նչ արեցին»,- հարցին հարցով պատասխանեց Վարդան Այվազյանը։ Այսինքն, հնարավոր է, որ շաքարավազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունը հարկադրաբար տրոհվի՞։ Վ. Այվազյանը դրական պատասխան տվեց` նշելով, որ դա կախված կլինի հետագայում մշակվելիք օրենսդրությունից և մեխանիզմներից։ Ու եթե պարզվի, որ գործ ունենք օրենքով չթույլատրված մենաշնորհի հետ` կտրոհեն, բա ի՞նչ կանեն։

Իսկ ինչո՞ւ այսօր նման քայլեր չեն արվում` չէ՞ որ կան շուկաներ, որոնց մենաշնորհային լինելը երևում է անզեն աչքով։ Որովհետև Սահմանադրությունը նման լծակ չէր ապահովում` ասաց Վ. Այվազյանը։

Մենք, իհարկե, երկար բանավիճեցինք` նշելով, որ Սահմանադրություն ու օրենք ունենալը մի բան է, իրական կյանքում դրանց կիրառման աստիճանը` ուրիշ։ Հնարավոր է ունենալ շատ լավ Սահմանադրություն և օրենքներ և շատ վատ համակարգ։ Այսինքն` կասկած հայտնեցինք, որ այս դրույթը որևէ կերպ կարող է շտկել իրավիճակը և վերացնել մենաշնորհը շաքարավազի, բանանի և այլ շուկաներում։ Սա բավականին վրդովեցրեց պրն Այվազյանին` այն տեսանկյունից, որ, եթե ի սկզբանե չես հավատում Սահմանադրությանն և դրա իրական դերին, ապա առավել դետալային, կոնկրետ դրույթներ քննարկելն անիմաստ է։

Հիմա գանք ամենահետաքրքիր մասին։ Նշեմ, որ սովորաբար նման հրապարակային քննարկումներից հետո այս թեմայով հոդված չեմ գրում, քանի որ գտնում եմ` ասելիքս արդեն հրապարակային ասել եմ։ Սակայն այս դեպքում թեմային կրկին անդրադառնալու կարիք առաջացավ, երբ աչքի անցկացրեցի գործող (արդեն` նախկին) Սահմանադրության համապատասխան դրույթները։ Առաջարկում ենք՝ ինքներդ կարդաք այդ հոդվածը։

Հոդված 33.1
Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։

Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են։
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար։

Ինչպես ասում են` փորձեք գտնել տարբերությունները։ Դժվար գործ է, որովհետև այդպիսիք գրեթե չկան կամ չնչին են։ Միակ տարբերությունն այն է, որ գերիշխող դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության արգելքին ավելացել է նաև հակամրցակցային համաձայնությունների արգելքը։ Իսկ մրցակցության սահմանափակման, մենաշնորհի հնարավոր տեսակների և դրանց թույլատրելի չափերի մասին դրույթը գրեթե նույնությամբ կար գործող Սահմանադրության մեջ։

Ավելի պարզ ասած, գործող Սահմանադրությունը նույնպես տալիս էր նման հնարավորություն` սահմանել, թե որոնք են մենաշնորհները, դրանցից որոնք են թույլատրված, և համապատասխան քայլեր ձեռնարկել` չթույլատրված մենաշնորհներն արգելելու համար։ Կարճ ասած, այսօրվա Սահմանադրությամբ նույնպես կարելի էր տրոհել շաքարավազի մենաշնորհը։ Կարևորը` նման ցանկություն ու քաղաքական կամք լիներ։

Մի խոսքով, կարող ենք համոզված ասել, որ նոր Սահմանադրությունը կոնկրետ մրցակցության մասով որևէ լուրջ առաջընթաց չի նախատեսում։
Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի հիմնական խնդիրները կամ խնդիրների մեծ մասը ոչ թե վատ օրենքներն են, այլ օրենքների վատ կիրարկումը։ Սա միայն մեր կարծիքը չէ։

Ի վերջո, նույն Սահմանադրությունը նախատեսում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ձևավորվում է ազատ ընտրությունների միջոցով, կամ, որ պատգամավորներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս