Փարիզի ահաբեկչությունների գործով կալանավորվել է ևս մեկ կասկածյալ
Փարիզյան հարձակումների հետաքննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ կասկածյալի՝ 29-ամյա մի տղամարդու:
Վերջինիս անունը դեռ չի հրապարակվում:
Հարձակումն սկսելու պահից անցկացվել է մոտ 2700 ոստիկանական ստուգայց, 360 մարդու նկատմամբ սահմանվել է տնային կալանք, հայտնում է AFP-ն:
Եվս 2 մարդ կալանավորվել է Ֆրանսիայի հյուսիսում: Վերջիններս կասկածվում են զենքի մատակարարումների մեջ, ներկայում նրանց հարցաքննում են:
Ֆրանսիական մամուլը հայտնում է, որ երեքշաբթի ձերբակալված տղամարդը պատրաստվում էր ուղևորվել Սիրիա:
Մինչ այդ, Գերմանիայի Մենխենգլադբախ քաղաքում ձերբակալվել է մուսուլման հայտնի քարոզիչ Սվեն Լաուն, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունեցող խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու ու ԴԱԻՇ-ի համար զինյալներ հավաքագրելու մեջ:
Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքացիների վրա հարձակումներն ու պայթյուններն իրականացվել էին նոյեմբերի 13-ի երեկոյան: Սպանվել էր 130 մարդ, ավելի քան 300-ն ստացել էին վնասվածքներ:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը: