Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է «հերոս մարդ, նվիրյալ, պարկեշտ, ընտանիքի հայր» Սեյրան Օհանյանի հրաժարականը

«Ես վերադարձել եմ Գյումրիից, Սպիտակից, Լոռվա աշխարհից և ձեր, «Նոր Հայաստանի» անունից ծաղկեպսակ դրել ենք ոչ միայն հուշարձանների, այլև այն ընտանիքների շիրիմների մոտ, որոնք 27 տարի առաջ կորցրին տուն-տեղ, ընտանիք, դպրոց, երազներ, մարդկային կյանք: Մեզ տրվել է ահա 2.5 տասնամյակ հետո կյանք տալ իրենց կիսատ մնացած երազանքներին, վերջապես կառուցել այն երկիրը, որոնց մասին իրենք միայն երազում էին: Ամեն տեղ, որ գնացինք այսօր, ակնհայտ էր, թե կրիմինալն ով էր ու ինչպես էր կանգնում Նոր Հայաստանի դիմաց և շարքային հայ մարդը, ում քվեն գողացել էին, ողջունում էր ձեզ ու մեզ: Եթե մենք հետևողական աշխատենք, իրենք ևս գալու են ու հոգևոր զորկացությունը դառնալու է ֆիզիկական»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ երկար տարիներ անուններով չէր խոսում, որովհետև միշտ մտածում էր, անունից բարձր կա հայրենիք, հավատ, երկիր, ընտանիք, և անունները կարևոր չեն. «Նոր Հայաստանում խոսքն ազատ է, բայց ես ունեմ մի առաջարկ. պատմության գիրկը անցնող մարդկանց, մեռնող ռեժիմներին մի քիչ հանգիստ տանք ու խոսենք ապագայի մասին:

Վանկարկենք հայրենիքի մասին: Ես չեմ գրաքննում, իմ տեսակետն եմ կիսում: Բայց այսօր երեք կատեգորիայի անուն պետք է տամ. կատեգորիա առաջին՝ Սերժ Սարգսյան և իր կուսակցության հանցավոր վերնախավ, կատոգորիա երկու, որը մտնում է առաջինի մեջ, մարզպետներ, քաղաքապետեր, գյուղապետեր, կատեգորիա երեք՝ Սամվել Ալեքսանյան կամ «Լֆիկ» ու իր նման ողջ ոհմակ, դրա համար նա թող վատ չզգա, միայն իրեն չենք վերցրել թիրախի տակ, օրենքը գործում է բոլորի համար հավասարաչափ»:

«Վերջին անունն այսօրվա համար մեծ ցավ է պատճառում ինձ ու ես մտածում էի արժե՞ արդյոք ասել, թե՞ ոչ: Ո՞վ է ամենակարգին մարդը կառավարությունում, ո՞վ է այն մեկ լույսը խավարի մեջ, իր անունը գեներալ Սեյրան Օհանյան է, հերոս մարդ, նվիրյալ, պարկեշտ, ընտանիքի հայր: Կարծում եմ, որ նա կարող էր դառնալ ՀՀ հրաշալի նախագահ: Այսօր մեծ ցավով զեկուցում եմ ձեզ, որ այն մարդը, որ կարող էր դառնալ ՀՀ նախագահը, ակտիվորեն մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով ՀՀ հպարտություն հանդիսացող զինվորներին՝ պարզ ուղղորդված, համատարած ստի, կեղծիքի քվեարկության և ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»,-ասաց նա:

Կարդացեք նաև

Ր. Հովհաննիսյանը նշեց, որ մատյաններում գրանցված է, թե քանի զինվոր է մասնակցել քվեարկությանը. «Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի օրինակով, համարելով, որ նա իրենց համար սրբություն է, ավելի սուրբ, քան Սահմանադրությունը, պետությունը, Աստվածաշունչը, իմանալով այդ ամենը՝ հանդիպելով Զարուհուն փողոցի վրա, ասում է, որ այդ մարդուն չի ճանաչում, քաղաքացի է որպես այդտեղ, բայց այդ նույն րոպեին տարբեր մարզերում, որտեղ զինվորը գնացել է, գնացել է պարզ հրահանգված վախի մեջ, որ կատարի հրահանգը: Եվ սրանք այն տղաներն են, ովքեր պետք է սահման պաշտպանեն, ազգային շահ հետապնդեն: 18 տարեկանին ուղարկում են կեղծ, սուտ ընտրության: Զինվորին ուղարկում են կեղծ ընտրության հետո սպասում ենք, որ այդ տղաները պետք է բարոյականությո՞ւն ունենան ու ազգային շա՞հ գիտակցեն: Դրանք են, ովքեր խփվում են սահմանին ու ոչ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար: Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը պատկանում են նույն դասին, նույն մեքենային, որը 25 տարի առաջ սուրբ պայքարի մեջ էր, հերոս էր ու դարձավ հանցագործ և հիմա ուզում են դա հավերժացնել ու կիրառել մինչև վերջին հայը»:

Նա նշեց, որ այսօր մասնակցելու են Ոչ-ի շտաբի հանրահավաքին, իսկ մինչ այդ երթ են իրականացնելու:

 

Տեսանյութեր

Լրահոս