Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Փարիզի վրա հարձակումներն անվանել է «կույր ահաբեկչություն»
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունները որակել է «կույր ահաբեկչության» հետևանք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Խամենեի խոսքով՝ եվրոպական երկրները ցնցած վերջին շրջանի իրադարձություններն իր մոտ «խորը վշտի» զգացում են հարուցում: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Իրաքի, Եմենի, Սիրիայի ու Աֆղանստանի բնակիչները ահաբեկչության դրսևորումներից ավելի շատ են տառապում:
Տեղի ունեցածի մեջ այաթոլլան մեղադրել է որոշ «համաշխարհային գերտերությունների»: Մասնավորապես, նա նկատել է, որ «ներկայում այդքան էլ շատ մարդիկ չգիտեն, թե որքան մեծ է ԱՄՆ-ի դերը «Ալ-Քաիդայի» ստեղծման, դաստիարակման ու զինման հարցում»:
Իր խոսքում նա հիշատակել է նաև ԴԱԻՇ-ին՝ հայտարարելով, թե իրեն չափազանց անհանգստացնում են բռնությունները, որ այդ խմբավորման անդամները կազմակերպում են Մերձավոր արևելքում: