Ինչպե՞ս և ո՞ւմ դեմ է գործել «հանցավոր խումբը»
«Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ապաքաղաքականացված, կուսակցությունների ազդեցությունից զերծ մարմին է. ԱԱԾ-ն միտված է ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը, պետության անվտանգության բաղկացուցիչ մասն է»,- նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` խոսելով նոյեմբերի 25-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից «հանցավոր խմբի» վնասազերծման մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում բացահայտվել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որը, ըստ ԱԱԾ-ի, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` 2015-ին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան` ստեղծել և ղեկավարել է «հանցավոր համագործակցություն». «Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում` այդ նպատակով վարձակալած առանձնատանը»։ Միքայել Համբարձումյանի խոսքով` ԱԱԾ-ի տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված տարբեր միջոցառումների շնորհիվ հաջողվել է վնասազերծել հանցավոր խմբի, որն իր դաժանությամբ, պատրաստվածությամբ` նախադեպը չի ունեցել Հայաստանում։
Ինչպե՞ս և ո՞ւմ դեմ է գործել «հանցավոր խումբը»
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ-հազարավոր դոլարներով։ Իրենք ունեցել են գաղտնի համարներ, որոնցով խոսել են իրար հետ ու պայմանավորվել իրար հետ։ ԱԱԾ-ի անձնուրաց աշխատանքի շնորհիվ` դա հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում, որը վերահսկել է, և խումբը վնասազերծվել է։ Մեր աշխատակիցները գիտեին, որ տունը վերածվել է զինանոցի»,- նշեց ԱԱԾ աշխատակիցը։ Նրա համար զարմանալի է, որ այս ամենը համարում են բեմականացում, կամ, որ այս գործողությունները փորձում են կապել ինչ-ինչ քաղաքական գործընթացների հետ։ «Բացահայտվել է հանցավոր խումբը, որն ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, գործելու մեխանիզմներ, թիրախներգ Բայց հիմա չեմ կարող ներկայացնել, թե ում դեմ են` իշխանության առանձին ճյուղերի՞, հասարակությա՞ն, պետական մարմինների՞։ Թվով 21 անձինք են ձերբակալվել»,- հայտնեց Մ. Համբարձումյանը։
Արդյո՞ք այս ամենի հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»
Խոսելով այն մասին, թե ֆինանսավորումն արդյոք Հայաստանի՞ց է եղել, թե՞ դրսից, Մ. Համբարձումյանը հայտնեց, որ գումարները տրվել են ՀՀ-ի տարածքում, բայց այդ գումարի ստացման աղբյուրը դեռևս բացահայտված չէ։ Թե որքանով է խումբը կապված «Իսլամական պետության» հետ, դեռ պարզ չէ, բայց այդ վարկածը քննության է առնվում ԱԱԾ-ի կողմից։ «Մեր ծառայությունների խողովակների միջոցով համապատասխան հարցումներ կանենք` պարզելու համար, թե Արթուր Վարդանյանը կոնկրետ ի՞նչ գործունեությամբ է զբաղվել, արդյոք մեզ հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»,- նշեց ԱԱԾ պաշտոնյան։
Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել
Հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն թույլ տվեց, որպեսզի վնասազերծման գործողությունից ժամեր անց լրագրողները տեսանկարահանեն, ձեռք տան այն իրերին, որոնք կարող էին իրեղեն ապացույցներ լինել, Մ. Համբարձումյանն այսպես պատասխանեց. «Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը։ Այսինքն` խուզարկության ընթացքում ներգրավվելուց հետո` կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, այդ արձանագրության մեջ մանրակրկիտ նշվել են բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնք կարևորություն են ներկայացրել քննության համար և ներգրավվել են մեր կողմից։ Լրագրողները խուզարկության ընթացքում այդ բնակարանում չեն եղել, դա փաստ է, ու որևէ լրագրող եթե ասի, որ այնտեղ է եղել` դա հերյուրանք կամ սուտ կլինի։ Լրագրողները ներս են մտել արդեն խուզարկության ավարտից հետո` բնակարանի սեփականատիրոջ թույլտվությամբ։ Կնքվում են այն բնակարանները, որտեղ նախաքննական մարմինները դեռևս գործողություններ կատարելու անհրաժեշտություն են տեսնում ապագայում։ Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մենք արդեն առգրավվել էինք բոլոր իրերն ու այն առարկաները, որոնք մենք գնահատել ենք, որ կապ ունեն գործի հետ»։
Խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի
Միքայել Համբարձումյանի խոսքով` զենքերի ձեռքբերման հետ կապված շատ մանրակրկիտ քննություն է կատարվել, ձեռք բերված և հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, ու խումբը միջոցներ է ձեռնարկել այլ աղբյուրներից նոր քանակությամբ զենք հայթայթելու ուղղությամբ։ Մ. Համբարձումյանը նշեց, որ հանցավոր խմբի գործունեությունը վերահսկվել է այն պահից սկսած, երբ նրանք հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։ Նրա փոխանցմամբ` խումբը վնասազերծվել է հանցագործության կատարումից ընդամենն օրեր առաջ։ Հարցին, թե որքանո՞վ է խումբը կապված հայաստանյան քաղաքական ուժերի հետ` ԱԱԾ-ի աշխատակիցն այսպես պատասխանեց. «Մենք քաղաքական ուժերի հետ կապ այս պահի դրությամբ չենք տեսնում»։
«168 ԺԱՄ»
28 նոյեմբեր