Այսօր բոլոր հարցերը որոշվում են Մելիք Ադամյան փողոցում

«Սահմանադրական փոփոխություններին պետք է նայել պետականաշինության տեսանկյունից։ 2005թ. Սահմանադրությունն էականորեն տարբերվում էր 1995թ. ընդունածից: Բայց 2005թ. ընդունված Սահմանադրությունն իր մեջ ռիսկեր է պարունակում. մի կողմից՝ իշխանության գերկենտրոնացում, մյուս կողմից՝ քաոսային վիճակ: Այս տարիներին ունեցել ենք իշխանության գերկենտրոնացում, որը կարող է հանգեցնել քաոսային վիճակի: Վերջին տարիներին ընդդիմության քննադատությունը հենց դրան էր վերաբերում»,- այսօրվա բանավեճին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ այն օրերին, երբ Մելիք Ադամյան փողոցի գրասենյակում ՀՀԿ-ն նիստ է հրավիրում, լրագրողներն ամբողջությամբ այնտեղ են, որովհետև բոլոր որոշումները, որոնք վերաբերում ենք մեր պետությանը, ընդունվում են այնտեղ. «Կուսակցական գրասենյակում նստած են Հանրապետության, ԱԺ-ի նախագահները, վարչապետը, կառավարության անդամները և քննարկվում է որևէ հարց, այսինքն՝ շատ պետական խնդիրներ լուծվում են կուսակցական մթնոլորտում, որտեղ հակակշիռների մեխանիզմը կարող է և չգործել: Հիմա, եթե մենք գնում ենք այն ուղղությամբ, ինչ պահանջում է ընդդիմությունը, ապա պետք է ողջունեն և օգնեն մեզ, որպեսզի մենք կարողանանք դա իրականացնել»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ իրենք կողմ էինք խորհրդարանական համակարգին, բայց ոչ միակուսակցական. «Մենք այսօր, կարելի է ասել, գտնվում ենք այդ իրավիճակում, երբ միակուսակցական համակարգ է, և բոլոր այն կուսակցությունները, որոնք կոալիցիա էին կազմում իշխանության հետ, հետո դուրս էին գալիս ու ասում, որ, ըստ էության, ոչինչ չէին որոշում: Այդ դե ֆակտո իրավիճակը Նոր սահմանադրությամբ սարքում ենք դե յուրե: Հենց Նոր սահմանադրության մեջ է այդ կոնտրոնացումը փաստաթղթավորվում: Իսկ 100% համամասնականի անցնելու համար սահմանադրական փոփոխություններ անելու կարիք չկա, Ընտրական օրենսգրքով կարելի է այդ հարցը 5 րոպեում լուծել»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս