Հանցախմբի անդամ Ավետիս Բարեյանը Արմավիրում «Հայոց Վահանի» գրասենյակի պատասխանատուն է
yerkir.am-ն այսօր գրել էր, որ երեկ Նորք-Մարաշում վնասազերծված անդամների թվում է նաև Ավետիս Բարեյանը:
Վերջինս գրանցված է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ըստ elections.am կայքի՝ Ավետիս Բարեյանը ծնվել է 1972թ.:
«Հայոց Վահան» շարժման facebook-յան էջում նշված է, որ Ավետիս Բարեյանը Արմավիրում «Հայոց Վահանի» գրասենյակի պատասխանատուն է:
Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ըստ ԱԱԾ-ի՝ 1981թ. ծնված, 1997թ. Իսպանիայում բնակվող և 2015թ. ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը: 10 անձ ձերբակալված է: