Վարչապետն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ընթացքից և կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության խորացմանը:
Սերբիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ Սերբիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու սերտացումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: